2021 թվականին Արցախում ծնվել է 1 463 երեխա


2021 թվականին Արցախում ծնվել է 1 463 երեխա, գրանցվել է 1 022 մահացության դեպք, որից 13-ը՝ մանկական․ այսպիսի տվյալներ է բերում Արցախի առողջապահության նախարարությունը 2021 թվականին կատարած աշխատանքների իր հաշվետվությունում։

Այսպես՝ աճել են Արցախի առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ 25 տոկոսով՝ բժիշկների, 15 տոկոսով՝ միջին բուժանձնակազմի և 10 տոկոսով՝ կրտսեր և այլ աշխատողների։ Այս տարի նույնպես նախատեսվում է աշխատավարձերի աճ։

Պետական բյուջեի նախագծով նախատեսված` առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12,537 մլրդ՝ 2020 թվականի 7,843 մլրդ դրամի փոխարեն, որը Արցախի պետական բյուջեում կազմում է 5,1%:

Արցախի առողջապահության համակարգի 2021թ. կատարողականը կազմել է 8,558 մլրդ դրամ: Բյուջեն կատարվել է 68,3%-ով:

Հանրապետության բուժհաստատություններ աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ մասնագետներ, իսկ 23 բժիշկներ ուղեգրվել են հետդիպլոմային մասնագիտացման, որոնց հետ կնքվել են պայմանագրեր. ավարտելուց հետո նրանք աշխատանքի կանցնեն Արցախի բուժհիմնարկներում։ Նախորդ տարիներին պայմանագրի պահանջները չկատարած 11 մասնագետների վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով։

Անվճար հիմունքներով Երևանի Մ․Հերացու անվան բժշկական համալսարան է ընդունվել 31 հոգի։

Նախարարության ենթակա բուժհիմնարկների միջոցով հանրապետության բնակչությանը անվճար տրամադրվել է 218 մլն դրամ գումարի դեղորայք։

2021 թվականին Արցախում ծնվել է 1 463 երեխա, գրանցվել է 1 022 մահացության դեպք, որից 13-ը՝ մանկական։

Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։

Առողջապահության նախարարության տվյալներով արձանագրվել է 1 022 մահվան դեպք․ հիվանդանոցային մահերի թիվը 330 է, որից 33-ը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, իսկ տնային մահերը՝ 692։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ



Source link