«Օդն ընդդեմ օդի» Ղարաբաղյան պատերազմում․ անգլիացի փորձագետի վերլուծությունը

«Օդն ընդդեմ օդի» Ղարաբաղյան պատերազմում․ անգլիացի փորձագետի վերլուծությունը


Անգլիացի ռազմական փորձագետ, ավիացիայի ոլորտումմ մասնագիտացած Դուգլաս Բարրին վերլուծում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ավանդական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի դերը, համեմատում Հայաստանի ու Ադրբեջանի կարողությունները և մարտավարությունը։ Բարրիի «Օդն ընդդեմ օդի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում» հոդվածը տպագրվել է «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքում, որը հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի օդային արշավն արդեն դիտարկվել է զգալի թվով հոդվածներով ու հայտարարություններով, որոնցում երբեմն հնչում են հեռուն գնացող պնդումներ՝ մասնակի ապացույցների հիման վրա։ Այնուամենայնիվ, այս բեռը չափից ավելի հաճախ են դնում ավիացիայի վրա, քանի որ հաջողության կամ անհաջողության համար նշվում են միայն տեխնոլոգիաները։ Ղարաբաղյան վերջին պատերազմի դեպքում այս առասպելաբանությունը կենտրոնանում է անօդաչու թռչող սարքերի վրա՝ որպես Ադրբեջանին հաջողություն բերած միակ մեխանիզմի: Սակայն միակ պարզ պատճառի հանգեցնող նման պնդումները խաբուսիկ են և տանում են սխալ գնահատականի այս կարճատև, բայց արյունալի պատերազմի վերաբերյալ:

Ընդհանրապես, անօդաչուների նշանակության և հատկապես հարձակողական անօդաչու թռչող սարքերի մասին հանրային բանավեճերում մեծամասամբ նշվում է, որ դրանք միայնակ որոշիչ դեր են խաղացել (ինչն արտացոլում է օդուժի զորության մասին վաղեմի պատկերացումը, թե դրանք պատերազմում հաղթանակի անկախ ներուժ ունեն)։ Նմանապես, պարզունակ է այն եզրակացությունը, թե Ղարաբաղյան պատերազմը նշանավորում է օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռների պատմության վերջակետը, թե ավիացիայի միակ ապագան անօդաչուներն են: Եթե անգամ դա ճիշտ է (և կան լուրջ հիմքեր պնդելու, որ այդպես չէ), ընդամենը վեցշաբաթյա մեկ ոչ մեծ պատերազմի հիման վրա հեռու գնացող նման պնդումները կարող են լավ վերնագիր լինել, բայց ոչ անպայմանորեն հավասարակշռված վերլուծություն: Սա չի հերքում հետախուզական, հարվածային և անօդաչու կամիկաձեների զգալի ազդեցությունը, սակայն իրենց դերը խաղացել են նաև ցամաքային ուժերը։ Նմանապես, մարտական ​​ավիացիայի զինանոցում նկատվում է օդաչուավոր և անօդաչու հարթակների հարաբերակցության փոփոխություն. անօդաչու համակարգերը գնալով ավելի շատ են կատարելու մարտական ​​գործառույթներ, ինչը հաճախ ուղեկցվելու է օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռների համամասնության համապատասխան կրճատմամբ, սակայն քիչ հավանական է, որ անօդաչուներն ամբողջությամբ փոխարինեն օդաչուավորներին, առնվազն՝ այս դարի մնացած տասնամյակների մեծ մասում։ Նշանավոր ռազմական պատմաբան Քոլին Գրեյը 2009-ի իր «Հասկանալով օդուժի զորությունը․ մոլորությունների խարույկ» («Understanding Airpower: Bonfire of the Fallacies») գրքում նշում է. «Նոր դարաշրջանն ակնհայտորեն բարենպաստ է լինելու անօդաչու թռչող սարքերի համար, սակայն դա չի նշանակում, որ օդաչուավոր ինքնաթիռներին սպասում է անցյալի տեխնոլոգիայի ճակատագիրը կամ նրանք արդեն կանգնած են նման փաստի առաջ։ Օդաչուավոր ինքնաթիռը պարզապես չափազանց օգտակար է, չափազանց հարմարվող և ճկուն՝ դրանից հրաժարվելու համար: Օդաչուավոր ավիացիայի ապագան լիովին հուսալի է՝ նույնիսկ չնայած այն բանին, որ քաղաքական և ռազմական առումներով դրանց որոշակի դերեր ավելի ու ավելի հաճախ վերապահվելու են ԱԹՍ-ներին»:

Ադրբեջանն արդեն առնվազն տասը տարի տարբեր անօդաչու թռչող սարքեր է շահագործում դիտարկման և հետախուզության համար, սակայն հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը տեղի է ունեցել համեմատաբար վերջերս։ Թեև Իսրայելը երկար ժամանակ է, ինչ շահագործում է դիտարկման և հետախուզական ԱԹՍ-ներ, հարվածային տարբեր ԱԹՍ-ներ, անօդաչու կամիկաձեներ, սակայն, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիան է Ադրբեջանին տրամադրել բոլոր հարվածային ԱԹՍ-ները: Իսրայելական հարձակողական ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ հասանելի տեղեկատվության բացակայությունը, հնարավոր է, արտացոլում է Իսրայելի զգուշավորությունը, որը հաշվի է առնում նրա ամենամոտ դաշնակցի՝ Միացյալ Նահանգների քաղաքականության սահմանափակումների աստիճանը։

Սա չի նշանակում, որ տարբեր դասերի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը տարբեր դերերում ուշադրության արժանի չէ։ Ընդհակառակը, դրա կարիքը կա։ Սակայն միայն ԱԹՍ-ները չէ, որ հանգեցրել են այն հաջող արդյունքին, ինչին Ադրբեջանը ձգտում էր։ Դա ավելի շուտ տեխնոլոգիաների մարտավարական ճիշտ օգտագործումն էր մի ռազմարշավի շրջանակում, որը Բաքվին հնարավորություն էր տալիս հասնելու իր որոշ նպատակների:

Պետք չէ նաև այս մեկ կարճ պատերազմը համարել որպես ցամաքային համակարգերի և, մասնավորապես, զրահատեխնիկայի նկատմամբ անօդաչու թռչող սարքերի վերջնական գերազանցության ազդանշան։ Վեցշաբաթյա պատերազմը միջպետական առաջին ​​հակամարտությունն էր, որի ժամանակ հարձակողական անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվում էին ցամաքային համակարգերը ոչնչացնելու համար: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի հարվածային անօդաչուներն ավելի լավ էին գործում, քան Հայաստանի ցամաքային զորքերը։ Սակայն անօդաչուների արշավի արդյունքները ավելորդություն չեն դարձնում զրահատեխնիկան։ Իրականում այն, ինչ ակնհայտ ընդգծվեց, օդային գրագետ արշավի դեմ հակառակորդի ցամաքային զորքերի և տեխնիկայի խոցելիությունն էր, որոնք չունեին համարժեք ՀՕՊ՝ հավելյալ ժամանակակից քողարկմամբ և ցրվածությամբ։ Սա թերևս բացահայտում չէ որևէ մեկի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր առանձնապես լուրջ չեն հետաքրքրվում օդուժի կիրառման հարցերով։ Անշարժ ցամաքային թիրախը պարզապես հրավեր է ճշգրիտ զենք ունեցող հակառակորդին՝ անկախ զինակիր սարքից, դրանց հավանական կործանարար հարվածներ հասցնելու համար: Որքան որ ԱԹՍ-ների արդյունավետ կիրառումն է նպաստել Ադրբեջանի հաջողությանը, այնքան էլ՝ հայկական ուժերի համարժեք պաշտպանության բացակայությունն ու դիմադրելու անկարողությունը։ Եվ չնայած Ադրբեջանի ռազմարշավում ունեցած նշանակալի ներդրմանը՝ անօդաչուները, ինչպեսև օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռները, ի վիճակի չեն տարածք պահել։ Թեև անօդաչու թռչող սարքերն ավելի դիմացկուն են, դրանք չեն փոխարինում ցամաքային ներկայությանը, եթե նպատակը կայուն տարածքային նվաճումն է:

Oդային hամեմատական ​​հզորություն

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը չունեն զգալի քանակությամբ մարտական ​​ինքնաթիռներ, և որոշ առումներով նրանք հավասարապես կաշկանդված են, թեև Բաքուն ավելի շատ ունի։ Հայաստանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատերազմի դուրս եկան մոտ 35 ինքնաթիռներից բաղկացած տորմիղով, որոնցից առավել ակնառու են «Су-30СМ» բազմանպատակային կործանիչները և «Су-25» գրոհիչները։ Համեմատաբար վերջերս մատակարարվել էր ընդամենը չորս «Су-30СМ» ինքնաթիռ, որոնք չօգտագործվեցին ռազմական գործողությունների ընթացքում: «Су-25» ավելի շատ կար պատերազմի սկզբում՝ մոտ 12 միավոր։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ցանկն ավելի մեծ էր՝ մոտ 55 միավոր։ Ադրբեջանցիներն ունեին «Су-25» գրոհիչների և «МиГ-29» կործանիչների մեկական ավիագունդ։

Ադրբեջանը, սակայն, շատ ավելի հնարամիտ եղավ իր օդաչուավոր ինքնաթիռները անօդաչու համակարգերով համալրելու և դրանց հնարավորությունները համազորային ընդհանուր արշավում ինտեգրելու գործում: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խոհեմ գտնվեցին ոչ միայն տեխնիկայի ձեռքբերման, այլև մատակարար երկրներից՝ Իսրայելից, ապա՝ Թուրքիայից, ակնկալելու աջակցություն վերապատրաստումների ու կառավարման հարցում։ 2015-ից ի վեր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները ամեն տարի վերապատրաստում են անցնում թուրքական ստորաբաժանումների հետ «TurAZ Kartalı» զորավարժությունների դրոշի ներքո։ 2020-ին «TurAZ Kartalı»-ն սկսվեց հուլիսի վերջին և տևեց երկու շաբաթ՝ մինչև օգոստոսի 10-ը։ Օդաչուավոր ավիացիայի համատեղ մարտական պատրաստության վարժանքների տարրերին հրապարակայնություն հաղորդելով հանդերձ՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նվազ չափով էին քողազերծում հնարավոր այլ տարրեր, ինչպիսիք են հարվածային և հետախուզական անօդաչուների օգտագործումն ու ինտեգրումը ավելի լայն օդային արշավի շրջանակում: Ադրբեջանցի զինծառայողները հետևում էին նաև Թուրքիայի կազմակերպած «Anadolu Kartali – 2019» բազմազգ զորավարժություններին, իսկ «Anadolu Kartali – 2021» զորավարժություններին մասնակցում էին ադրբեջանական երկու «Су-25» և «МиГ-29»։

Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը բազմաթիվ մարտական ​​ինքնաթիռներ ժառանգեցին։ Սկզբում ավիատորմիղը բաղկացած էր «МиГ-25» և «МиГ-21» կործանիչներից, «Су-25» գրոհիչ ինքնաթիռներից և «Су-24» ռմբակոծիչներից։ «МиГ-21»-ն ու «МиГ-25»-ն արդեն հնացած մոդելներ էին մինչ կընդգրկվեին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ, և Բաքուն ստիպված էր կա՛մ դրանց փոխարինող փնտրել, կա՛մ ընդունել, որ սպառազինությունից դրանց դուրսբերումով զրկվում է իր ավիապարկի կործանիչ մասից։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունը՝ դա անընդունելի էր։ «МиГ-21»-ը և «МиГ-25»-ը փոխարինվել են «МиГ-29»-ով. օգտագործված ինքնաթիռները, ըստ տեղեկությունների, գնվել են Ուկրաինայից: Գործող «МиГ-25»-երի թիվը, ըստ երևույթին, սկսել է նվազել 2004-ից ոչ ուշ, երբ այդ տեսակի առնվազն 16 ինքնաթիռ շահագործումից հանվեց։ Վերջին անգամ նման ինքնաթիռների մի զույգ նկատվել է 2010-ին՝ կայանատեղիում, ևս 27-ը՝ պահեստային տարածքում: Հայաստանի հետ ռազմական վերջին գործողությունների սկզբում ծառայության մեջ եղել է «МиГ-25»-ի առնվազն մեկ էսկադրիլիա։ Վերջին մարտերին մասնակցել է «Су-25» գրոհիչների ավիագունդ, ընդ որում՝ Հայաստանը քանիցս ու առանց հաստատումների հայտարարում էր, որ դրանցից մի քանիսը խփվել են։ «МиГ-29» կործանիչները նախատեսված էին հակաօդային պայքարի համար, սակայն դրանց կատարած մարտական թռիչքների թիվը հայտնի չէ։

Զսպման տարրը, առնվազն՝ հակաօդային պաշտպանության, հավանաբար ապահովել է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան, որն Ադրբեջանի համար նաև ռազմական տեխնիկայի մատակարարումների ու վերապատրաստումների հարաճուն աղբյուր է: Թուրքական «F-16»-ների փոքր ստորաբաժանումը տեղակայվել էր Գյանջայի օդանավակայանում՝ 2020-ի հուլիսին համատեղ զորավարժությունների համար, և կան պնդումներ, որ այդ ինքնաթիռների առնվազն մի մասը մնացել է այնտեղ: 2020-ի հոկտեմբերի 3-ի արբանյակային պատկերները ցույց են տալիս երկու «F-16» ինքնաթիռ Գյանջայի օդանավակայանում: Հայաստանը ևս թուրքական «F-16»-ին վերագրեց իր «Су-25»-ի խոցումը, ինչը հերքեցին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։

Անվանականորեն երկու երկրների զինանոցում ամենահզոր մարտական ​​ինքնաթիռը Հայաստանի «Су-30СМ»-ն է։ 2019-ի դեկտեմբերից Հայաստանի ռազմաօդային ուժերը ստացել են ընդամենը չորս նման ինքնաթիռ: Փոքր մարտական ​​ինքնաթիռների տորմիղում հիմնական տեսակը մնում է «Су-25» գրոհիչը։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Հայաստանում են 1995-ից, երբ ստեղծվեց 426-րդ ավիացիոն խումբը, որը 2001-ին վերանվանվեց 3624-րդ ավիացիոն բազա։ 1998-ից Էրեբունիում տեղակայված է ռուսական 18 միավոր «МиГ-29» կործանիչ։ 2019-ին ռուսական աղբյուրները նշում էին, որ «МиГ-29»-ը կփոխարինվի «Су-30СМ»-ով։

«Су-30СМ»-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կարելի է դիտարկել 2012-ից, երբ, ըստ լուրերի, Երևանը բանակցություններ էր սկսել Մոսկվայի հետ 12 ինքնաթիռ ձեռք բերելու համար։ Գործարքը, ըստ հաղորդումների, տապալվել էր Հայաստանի անվճարունակության պատճառով: «Су-30СМ»-ի նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվել է 2018-ից ոչ շուտ, և պայմանագիրը կնքվել է մոտավորապես այդ տարվա վերջին։ Այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ նպատակ ունեն հնարավորինս շուտ ձեռք բերել ինքնաթիռները։ 2020-ի օգոստոսին նա հայտարարեց, որ 2020-ի կեսերին առնվազն չորս «Су-30СМ»-ի հետագա պատվերը քննարկման փուլում է։ 2020-ի նոյեմբերին Հայաստանի պարտությունից հետո, սակայն, Տոնոյանը պաշտոնանկ եղավ։

Թեև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման պահին առաջին չորս «Су-30СМ»-ները անվանականորեն շահագործման մեջ էին, այնուամենայնիվ հարց է՝ ռազմաօդային ուժերն արդյոք ունեին բավարար թվով պատրաստություն անցած թռիչքային անձնակազմ: Եթե անգամ «Су-25»-երի օդաչուներից ոմանք վերապատրաստում անցնեին բոլորովին այլ դասի մարտական ​​ինքնաթիռ կառավարելու համար, իսկ մյուսները վերապատրաստվեին որպես սպառազինության այս համակարգերի օպերատորներ, թռիչքային ժամերի ու փորձի պակասը շոշափելի կլիներ: «Су-30СМ», ըստ երևույթին, մարտական ​​գործողությունների ընթացքում չի գործարկվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ այս ինքնաթիռի զինամթերքը ժամանակին չի տեղադրվել։ Այնուամենայնիվ, 2020-ի հոկտեմբերին Գյումրիի օդանավակայանի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ «Су-30СМ»-ը կայանված է (հնարավոր է՝ զինված), մինչդեռ մյուս նկարներում երևում է, որ հայկական ինքնաթիռ է, որը կրում է «օդ-օդ» դասի «Р-73» և «Р-27Р» հրթիռներ։

«Р-73»-ը կարճ հեռահարության ինֆրակարմիր կառավարվող «օդ-օդ» հրթիռ է, իսկ «Р-27Р»-ը ռադարային պասիվ մարտագլխիկով ինքնաուղղորդվող միջին հեռահարության հրթիռ է: Միասին վերցրած, չնայած իրենց մեծ տարիքին, երկուսն էլ դեռ իրական վտանգ են ներկայացնում, եթե հմտորեն օգտագործվեն: Նույն հրթիռները նաև ադրբեջանական «МиГ-29» կործանիչների հիմնական հակաօդային զինամթերքն են։

Պատերազմ օդում

Պատերազմի ժամանակ ավանդական, օդաչուավոր ավիացիան, ըստ երևույթին, համեմատաբար քիչ է օգտագործվել: Դա մասամբ կարող է պայմանավորված լինել հակառակորդի ռազմաօդային ուժերի փոքր թվով, երբ կողմերից ոչ մեկը չէր ցանկանում ամբողջությամբ օգտագործել սուղ միջոցները: Հայկական «Су-30СМ»-ների դեպքում սահմանափակող գործոնը, հավանաբար, եղել է մարտական ​​պատրաստության մակարդակը՝ պայմանավորված դրանց՝ ծառայության մեջ նոր մտած լինելու հանգամանքով, ինչպես նաև մեկ կամ մի քանի ինքնաթիռների հնարավոր կորստի քարոզչական նշանակությամբ։ Հայաստանում և Ադրբեջանում հովանավոր պետությունների ինքնաթիռների առկայությունը ևս կարող էր զսպիչ գործոն լինել։ «Էրեբունի» օդանավակայանում ռուսական ներկայությունն իր հայելային արտահայտությունը գտավ 2020-ի հուլիսին Ադրբեջանում համատեղ զորավարժություններին մասնակցելու ժամանած թուրքական «F-16» կործանիչների տեղակայմամբ։ Սկզբնապես այդ ինքնաթիռները Գյանջայում էին, իսկ հետո, հնարավոր է, տեղափոխվել են Գաբալա։ Հայկական կողմի երկու «Р-17» հրթիռներով խոցելու փորձից հետո հոկտեմբերի 22-ին դրանք Գաբալայից տեղափոխվել են Լենքորանի ավիաբազա։

Սակայն ադրբեջանական ռազմարշավը կենտրոնացած էր օդուժի՝ օդային տարածքի մշտակայուն վերահսկելու սկզբունքի վրա: Օդային մարտերում փորձարկումների չենթարկվելով՝ դա ենթադրում էր հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի ոչնչացում կամ կրճատում՝ ադրբեջանական օդուժին գործողությունների ավելի մեծ ազատություն ապահովելու համար։

Երկու երկրներն էլ, որպես ավանդական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ավելի լայն քարոզչական արշավի մաս, ինքնաթիռների կորստի մասին իրար դեմ հանդես էին գալիս հերքումներով ու մեղադրանքներով՝ հաճախ առանց հավաստի փաստերի։ Ադրբեջանը, սակայն, ավելի հնարամիտ դուրս եկավ այն հարցում, որը երբեմն անվանում են «ճակատամարտ նարատիվի համար»:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանը կորցրեց «Су-25»։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այն խոցվել է թուրքական «F-16»-ի կողմից։ Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես հերքեցին այս տեղեկությունը, իսկ ոմանք ենթադրեցին, որ մարտում օգտագործվել է ոչ թե թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, այլ ադրբեջանական «МиГ-29»։ Թուրքական ռազմական ինքնաթիռների անմիջական մասնակցությունը պատերազմին կարող էր հանգեցնել սրացման, ինչը կարող էր Ռուսաստանին ներքաշել հակամարտության մեջ՝ ի աջակցություն Հայաստանի։ Օդային առճակատումները նախկինում արդեն հանգեցրել են Անկարայի ու Մոսկվայի միջև լարվածության աճի: 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական «F-16» կործանիչը ռուսական «Су-24» էր խոցել, ընդ որում՝ կային պնդումներ, որ «Су-24»-ը հայտնվել էր Թուրքիայի օդային տարածքում։ 2020-ի պատերազմում Հայաստանն ու Ադրբեջանը կորցրել են առնվազն մեկական «Су-25». հոկտեմբերի 4-ին խոցվել էր ադրբեջանական «Су-25»։

Կողմերը «Су-25»-երը կիրառելու թերևս տարբեր մարտավարություններ էին որդեգրել։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «Су-25»-ն օգտագործում էին միջին և բարձր բարձրությունների վրա, մինչդեռ հայկական «Су-25»-երի առնվազն որոշ թռիչքներ իրականացվել են շատ ցածր բարձրության վրա, ինչի համար ի սկզբանե մշակված է այս ինքնաթիռը։ Հնարավոր է՝ դա մասամբ պայմանավորված էր երկու կողմի «Су-25»-երի՝ «օդ-մակերևույթ» տեսակի սպառազինության առկայությամբ, ինչպես նաև հակառակորդ ուժերի կողմից բխող հակաօդային պաշտպանության սպառնալիքներով: Ադրբեջանցիները կարող էին օգտագործել և՛ չկառավարվող, և՛ կառավարվող ռումբեր, ու, ըստ երևույթին, օգտագործել են բետոն ծակող չկառավարվող «БЕТАБ-500»-ն ու դրա կառավարվող տարբերակը՝ «ОФАБ-250»-ը։ Երկուսն էլ ռուսական զինամթերք են, սակայն վերջինս համալրված է Թուրքիայի մշակած կիսաակտիվ լազերային ուղղորդման համակարգով և պոչափետուրով, ինչը զգալիորեն բարելավում է ճշգրտությունը և «Су-25»-ին հնարավորություն տալիս թռչել միջին բարձրությունների վրա։ Ըստ հաղորդումների՝ լազերային թիրախաուղղորդման համար կիրառվել են նաև «Bayraktar TB2» անօդաչուներ: Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «Су-25»-ի 600 թռիչք են իրականացրել։ Հայկական օդուժի «Су-25»-երը կաշկանդված են եղել կառավարվող զինամթերքի ակնհայտ բացակայությամբ՝ ունենալով միայն չկառավարվող ռումբեր և չկառավարվող ավիահրթիռներ։

Հավանաբար հայկական կողմի օդային գործողությունների վրա ազդել են նաև կարճ, միջին և մեծ հեռահարության ադրբեջանական ավելի հզոր ՀՕՊ համակարգերը։ Իսրայելը, ԱԹՍ-ներից և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներից բացի, Ադրբեջանին մատակարարել է կարճ հեռահարության «ABISR» («Barak») զենիթահրթիռային համալիրներ։ Բաքուն գործարկել էր նաև ռուսական արտադրության «С-300ПМ»/«С-300ПМУ-2» ավելի կատարելագործված հեռահար զենթիահրթիռային համալիրներ՝ «С-300»-ների ընտանիքից, որոնք ներկայում գտնվում են Հայաստանի սպառազինությունում։ «Су-25»-երի կիրառման ադրբեջանական կողմի մարտավարության վրա, հնարավոր է, ազդել էր նաև երկու կողմում դրանց առկայության գործոնը, ինչպես նաև «Су-25»-երի՝ սեփական զորքերին կրակով խոցելու ռիսկը։ Լազերային կառավարվող զինամթերքով միջին բարձրություններից կետային ռմբակոծության հնարավորությունը վերացնում էր ցածր բարձրության վրա գործողությունների անհրաժեշտությունը: Հայերը նման հնարավորություններ չունեին, ինչը մեծացնում էր հայկական «Су-25»-երի՝ ցածր բարձրությունների վրա թռչելու հավանականությունը։ Այսպիսով, ցանկացած «Су-25», որը մարտադաշտի վրա գործում էր շատ ցածր բարձրության վրա, ադրբեջանական ցամաքային ՀՕՊ-ի կողմից կարող էր միանգամայն համարվել հայկական: Մի քանի դերակատարների՝ միևնույն զինատեսակներն օգտագործելու ռիսկերն ի հայտ եկան նոյեմբերի 9-ին, երբ ադրբեջանական ՀՕՊ ստորաբաժանումը խոցեց ռուսական «Ми-24»։ Ադրբեջանը ռուսական ուղղաթիռը շփոթել էր հայկականի հետ. «Ми-24»-երը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության շարքում են։

Հակառակորդի ՀՕՊ-ը ճնշելու և ոչնչացնելու առաջադրանքը ներառում էր նաև մեծատարիք «Ан-2»-ների մասնակցությունը, թեկուզև նոր դերում։ 2020-ի օգոստոսի դրությամբ արբանյակային պատկերները Եվլախի օդանավակայանում ցույց են տվել գրեթե 60 «Ан-2» պտուտակային բիպլան ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են Պետական ​​սահմանապահ ծառայության կողմից: 2020-ի հոկտեմբերի 11-ի դրությամբ դրանց կեսից քիչն էր մնացել այնտեղ։

Պատահաբար, թե ոչ, Ադրբեջանը, ըստ ամենայնի, «Ан-2»-ների մի մասը վերասարքավորել էր անօդաչու թռչող սարքերի՝ որպես խայծ հայկական ցամաքային ՀՕՊ-ի համար։ Պարզ չէ, թե որքանով է հաջողվել այս մարտավարությունը հայկական ՀՕՊ համակարգերի հայտնաբերման գործում, սակայն «Ан-2»-ները կարող էին կիրառվել հետախուզական կամ հարվածային անօդաչուների հետ համատեղ: Առաջին դեպքում տեղորոշվում էին զենիթահրթիռային կայանները դրանք խոցելու համար, երկրորդ դեպքում՝ հարվածային ԱԹՍ-ը կարող էր օգտագործվել «Ан-2»-ի ուղղությամբ հրթիռի ցանկացած արձակումից անմիջապես հետո կայանները նշմարելու և հարվածելու համար:

Չնայած երկու կողմերի մարտական ​​ինքնաթիռների փոքր տորմիղին՝ կորսված ինքնաթիռների թիվը քարոզչական արշավի մաս էր: Հայաստանն ու Ադրբեջանը «Су-25»-ի կորուստը հաստատել են համապատասխանաբար սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 17-ին ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հայկական «Су-25» ինքնաթիռի խոցման մասին պնդումը, ըստ հաղորդումների, հերքվեց Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Անօդաչու թռչող սարքերի կիրառումը

Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը պատերազմում, հասկանալի պատճառներով, մեծ ուշադրություն է գրավել։ Դա արդարացված է, թեև այն մասամբ Բաքվի կողմից սոցցանցերի օգտագործման արդյունքն էր՝ պատերազմի մասին իր տեսակետը տարածելու ու հաճախ նաև հանրաճանաչ մեկնաբանների միջոցով շեշտադրված ներկայացնելու ԱԹՍ-ների տեխնոլոգիան, բայց ոչ իհարկե մարտավարությունը, մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք թույլ էին տալիս դրանք գործարկել ավելի լայն ռազմարշավում: Ակնհայտ է, որ անօդաչու թռչող սարքերն ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակներով մեծապես օգտագործվել են Ադրբեջանի ցամաքային զորքերին աջակցելու և հայկական կողմին մեծ կորուստներ պատճառելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ նշեց անօդաչուների, մասնավորապես, թուրքական համակարգերի ներդրումը վերջին պատերազմում, այդ թվում՝ 2021-ի ապրիլին թուրքական «Baykar» (ԱԹՍ արտադրող) ընկերության բարձրագույն ղեկավարության այցի ժամանակ։

Իրենց տրամադրության տակ ունենալով ԱԹՍ-ներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի ժամանակ կիրառեցին դրանք, վերջինս՝ շատ ավելի մեծ հաջողությամբ։ Ադրբեջանական զինանոցը ներառում էր անօդաչու թռչող սարքերի ավելի լայն տեսականի, և դրանք բոլորն ունեին ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանի դեմ պատերազմում ցուցադրվածները։ Ձեռք բերելով միջին ծանրության «Aerostar» ԱԹՍ-ներ՝ 2008-2009 թվականներին Բաքուն սկսեց իր սպառազինության մեջ ներառել հետախուզական անօդաչուներ։ Հաջորդ տասնամյակի ընթացքում այդ դերի համար ձեռք բերվեցին միջին ծանրության «Hermes 450» անօդաչուներ և «Hermes 900» ու «Heron» ծանր անօդաչու թռչող սարքեր: Այս սարքերը շահագործվում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և սահմանապահ ծառայության կողմից, իսկ առաջինները զինված են նաև «Harop» և «Sky Striker» անօդաչու կամիկաձեներով: Հայկական ուժերը հետախուզության համար փոքր քանակությամբ օգտագործել են թեթև «X-55» ԱԹՍ-ներ, հաղորդվել է նաև ռուսական արտադրության «Орлан-10» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։ Հայաստանը ռազմի դաշտում հարվածային անօդաչու թռչող սարքեր չի տեղակայել, և նրա կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հետախուզական նպատակներով շատ ավելի քիչ արդյունավետ է եղել, քան ադրբեջանական զորքերինը։

Անցած տասնամյակի ընթացքում ակնհայտ դարձավ ցամաքային զորքերին հետախուզական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը, որոնք օգտագործվում են հրանոթային ու հրթիռային հրետանու կամ օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռներին աջակցելու համար՝ լինի Լիբիայում, Սիրիայում, թե Ուկրաինայում: Հարկ է նշել, որ այդ արդյունավետությունը շատ հաճախ պասիվ և ակտիվ հակաքայլերի բացակայության արդյունքն էր։ Հակամարտող կողմերից ոմանց (առնվազն հարձակվող կողմից) տրված դասերը, ըստ երևույթին, ազդեցություն ունեցել են ադրբեջանական զինուժի կողմից հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների կիրառության վրա: Սակայն հայ զինվորականները, ինչպես երևում է, առանձնահատուկ ուշադրություն չէին դարձնում սրան՝ չնայած այն հանգամանքին, որ Բաքուն ընդլայնում էր ԱԹՍ-ների և կամիկաձեների իր զինանոցը: Թեև փոքր ու գերփոքր ԱԹՍ-ներ նշմարելը գնալով դժվարանում է, և դրանց դեմ արդյունավետ հեռավորությունների վրա ակտիվ հակաքայլերը դառնում են բարդ, բայց ոչ անհնար գործ, պասիվ միջոցները հեշտությամբ հասանելի են։ Կամուֆլյաժն ու քողարկումը վաղեմի մոտեցում են՝ դժվարացնելու ցամաքային ուժերի հայտնաբերումը, իսկ տեխնիկայի ցրումը և ապատեղեկատվությունը կորուստների նվազեցման միջոցներ են: Տեղադիրքը հայտնաբերելու և զատորոշելու ռիսկը նվազեցնելու նպատակով ռադիոհաճախականության պելենգացիայով էլեկտրամագնիսական ճառագայթման վերահսկումը պասիվ հակաքայլերի շարքի ավելի ուշ համալրումներից է։ Հայկական խոցված ցամաքային համակարգերի՝ Ադրբեջանի հրապարակած կադրերում հատկանշական է, որ դրանց մեծ մասը տեղակայված է եղել բաց տարածքում, ոչ խորը խրամատներում կամ ցածր թմբերի մոտ՝ առանց քողարկման:

Թեև Ադրբեջանը հետախուզական և կամիկաձե ԱԹՍ-ներ ձեռք էր բերել Իսրայելից, այդքան ուշադրության արժանացած հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ը՝ թուրքական «Baykar» ընկերության արտադրության, Բաքուն ստացել էր ռազմական գործողությունների մեկնարկից քիչ առաջ։ 2020-ի հունիսին հաղորդվում էր, որ «Bayraktar TB2»-ի ձեռքբերումը դեռ միայն քննարկման փուլում է։ Այս հարվածային ԱԹՍ-ը, ինչպես երևում է, օգտագործվել է պատերազմի հենց սկզբից, ինչը հարց է բարձրացնում, թե ինչ տեսակի և ծավալի աջակցություն են ստացել ադրբեջանցիները դա կիրառելիս։ Այն, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին կարճատև պատերազմի նախօրեին և ընթացքում, չի քննարկվում։ Պարզ չէ միայն այդ օգնության չափը։ Լիբիայում և Սիրիայում «Bayraktar TB2»-ի կիրառման թուրքական փորձը, ինչպես նաև ցամաքային կրակի համակարգման մեթոդները գրեթե անկասկած ազդել են ադրբեջանցիների կողմից այս համակարգի կիրառման, մարտավարական գործողություններին դրա ինտեգրման և ռազմարշավի ընդհանուր պլանի վրա։

«Bayraktar TB2»-ը միջին քաշային ԱԹՍ է, և որպես թռչող սարք այն ոչնչով ուշագրավ չէ․ ունի համեմատաբար համեստ բնութագրեր, ինչպեսև այդ դասի շատ ԱԹՍ-ներ: Դրա մշակումը սկսվել է 2007-ին, և այն Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է անցել 2014-ին։ Դրա սենսորային աշտարակի վրա էլեկտրաօպտիկական և լազերային ուղղորդման և թիրախավորման ինֆրակարմիր համակարգ է դրված։ Սարքի կախոցը թևատակերի չորս կարծր կետերն են։ 2020-ի դեկտեմբերի 10-ին Բաքվում հաղթանակի շքերթում «Bayraktar TB2»-ը ցուցադրվեց «Roketsan» ընկերության արտադրության «MAM-L»-ով: Դա 22 կգ քաշով լազերային ինքնակառավարվող կիսաակտիվ ռումբ է, որի թռիչքի առավելագույն հեռահարությունը 8 կմ է մեծ բարձրությունից արձակվելու դեպքում: Այն կարող է օգտագործվել ինչպես անշարժ, այնպես էլ շարժվող թիրախների դեմ։ Ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված «Bayraktar TB2»-ների և «MAM-L» զինամթերքի քանակը անհայտ է, թեև Ադրբեջանի ՊՆ տեսագրությունները վկայում են դրա լայն կիրառման մասին, ինչը նշանակում է, որ զգալի քանակությամբ զինամթերք է սպառվել։ Թեև ապացույցներ չկան, որ Իսրայելը Ադրբեջանին հարվածային ԱԹՍ-ներ է մատակարարել, բայց տրամադրել է մի քանի տեսակի անօդաչու կամիկաձեներ, այդ թվում՝ «Harop», «Sky Striker» և «Orbiter 1K»: Դրանք տարբեր թիրախների դեմ շոշափելի արդյունավետությամբ օգտագործվել են պատերազմի ընթացքում։

Հետևություննե՞ր

Անկասկած, հարվածային ԱԹՍ-ները և անօդաչու կամիկաձեները առավել քան ապացուցեցին իրենց արժեքը ադրբեջանական զինուժի համար: Բայցևայնպես, այս փաստի ընդունումը նույնը չէ, ինչ հարվածային ԱԹՍ-ների գովաբանումը՝ որպես այդպիսի արդյունքի միակ հեղինակի, և պատերազմի որևէ դաս ծանր զրահատեխնիկան կամ օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռները պատմության աղբանոց չի ուղարկում: Բոլոր պատերազմներն ունեն իրենց հատուկ հանգամանքները, և այս մեկը բացառություն չէ: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը էապես ավելի շատ միջոցներ ու ավելի խելամիտ է ծախսել, քան Հայաստանը։ Նա նաև արժեքավոր աջակցություն է ստացել իր ամենամոտ ռազմական դաշնակից Թուրքիայից, ընդ որում՝ այնպիսի ձևով, որը Հայաստանը չէր կարող կրկնել:

Հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները շարունակում են տարածում գտնել (ինչը միանշանակ է), և դա իր հերթին ավելի է խթանելու դրանց դեմ ակտիվ հակաքայլեր մշակելու ջանքերը: Թեև «Bayraktar TB2»-ի նման համակարգերը իրենց լավ դսրևորեցին օդային տարածքում, որտեղ նրանք չունեին մրցակիցներ և որը պատշաճ չէր պաշտպանվում, այս դասի անօդաչուները գնալով առաջնահերթ թիրախ են դառնալու հավանական որևէ հակառակորդի մարտական ​​ավիացիայի և ցամաքային ՀՕՊ-ի համար: Հարվածների թիրախ են դառնալու նաև ԱԹՍ-ների օժանդակ ենթակառուցվածքները և վերգետնյա կայանները՝ ֆիզիկական, էլեկտրամագնիսական կամ երկուսը՝ միաժամանակ։ Նույնը վերաբերում է կամիկաձեներին: Լիովին լիցքավորված և ինը «Harop» անօդաչու կամիկաձեներ տեղափոխող մեքենան հատկապես գրավիչ թիրախ կլինի, եթե այն հնարավոր լինի հայտնաբերել և խոցել մինչև դրոնների արձակումը, օրինակ՝ ապահովելով հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների կողմից մշտական հետապնդումը, ինչը հնարավորություն կտա մեկ հարձակումով ոչնչացնել այն։

Հեղինակի մասին

Դուգլաս Բարրին (Douglas Barrie) Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) ավագ գիտաշխատող է: Նախքան IISS-ին միանալը տասը տարի եղել է «Aviation Week & Space Technology» հանդեսի լոնդոնյան խմբագրության ղեկավարը: Ավելի վաղ աշխատել է որպես լրագրող՝ մասնագիտանալով պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտում։ Աշխատել է այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք են «Janes Defence Weekly»-ն, «Flight International»-ը, «Defense News»-ը:

«Փոթորիկ Կովկասում» գրքից այլ հրապարակումներ

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ է թողել․ Գեորգի Դերլուգյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը․ Անտոն Լավրովի վերլուծությունը

Ադրբեջանական ԱԹՍ-ները և հայկական ՀՕՊ-ը 44-օրյա պատերազմում․ վերլուծություն

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի



Source link