Տնտեսագետ պատգամավոր Գևորգ Պապոյանը համադրում է անհամադրելին

Տնտեսագետ պատգամավոր Գևորգ Պապոյանը համադրում է անհամադրելին


Անի Գրիգորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը ԱԺ հունվարի 17-ի նիստին անդրադարձավ արտագաղթի ցուցանիշներին։ Պապոյանը հակադարձում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի պնդմանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշներին։

«Հիմա բացում եմ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գեթ մեկ տարի չկա, որտեղ սալդոն դրական է։ Նայում եմ՝ գեթ մեկ տարի չգտա, որտեղ սալդոն դրական է։ Հերթով գնում ենք՝ տարբեր տարիների՝ -30 300, -29 800, -33 400, -34 300 և այսպես շարունակ։ Մեկ դրական սալդո չկա։ Միայն բացասական, որի արդյունքում 285 300 մարդ արտագաղթել է»,- հայտարարեց Պապոյանը։

ՔՊ-ական պատգամավորը պնդեց նաև, որ անկախությունից ի վեր երկու անգամ է հաշվեկշիռը դրական եղել՝ 1991-ին՝ 4 400, և 2020-ին՝ 42 700։

Նույն օրը Պապոյանը ֆեսյբուքյան գրառումով նույն պնդումը կրնկնեց։

Արտագաղթի տարբեր ցուցանիշներ

Անկախությունից ի վեր արտագաղթի ցուցանիշներին այս երկու օրվա ընթացքում անդրադարձան այլ պատգամավորներ ևս՝ յուրաքանչյուրը ներկայացնելով տարբեր տվյալներ։ ՍիվիլՆեթն առանձին հոդվածով անդրադարձել է վիճակագրական այս խառնաշփոթին։

Ինչպես նշել ենք, փաստացի, արտագաղթը «պատկերող» երկու ցուցանիշ է հիմնականում ներկայացվում՝ սահմանահատումների հաշվեկշիռը, որը ցույց է տալիս Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը։ Եվ միգրացիայի մնացորդի ցուցանիշը, որի տվյալները փաստացի տարբերվում են սահմանահատումների ցուցանիշից։ Այն հաշվարկվում է ոստիկանության կողմից՝ հաշվառումների (գրանցումների) և տնային տնտեսությունների հետազոտության հիման վրա։ Այս երկու ցուցանիշները, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, տարբերվում են։

Պապոյանի տվյալների հակասությունը

Պապոյանի մատնանշած թվերը՝ -30 300, -29 800, -33 400, -34 300 վերցված են Վիճկոմիտեի հրապարակած միգրացիայի մնացորդի ցուցանիշից, և ներկայացնում են 2005-2008 թթ. տվյալները։ Ինչ վերաբերում է մյուս պնդմանը, որ Քոչարյանի նախագահության օրոք 285 300 մարդ արտագաղթել է, ապա այդ թիվը մոտ է իրականությանը, եթե հիմք ընդունենք միգրացիոն մնացորդը։ Սակայն ՔՊ-ական պատգամավորը վերցրել է ոչ թե 1998-2007 թվականները, այլ 1998-2008 թվականները, իսկ Քոչարյանը պաշտոնից հեռացել է 2008-ի ապրիլին։

Տնտեսագետ պատգամավոր Գևորգ Պապոյանը համադրում է անհամադրելին

Loading…

Եթե վերցնենք սահմանահատումների հաշվեկշիռը, ապա պատկերը լրիվ այլ է։ Ըստ Վիճկոմիտե տվյալների՝ սահամանահատումների դրական հաշվեկշիռ (ավելի շատ ժամանում, քան մեկնում) ունեցել ենք 2004, 2005, 2006 և 2018, 2019, 2020 թվականներին։

Տնտեսագետ պատգամավոր Գևորգ Պապոյանը համադրում է անհամադրելին

Loading…

Հատկանշական է, որ Պապոյանը աղավաղում է տվյալները՝ համադրելով տարբեր ցուցանիշներ։ Նրա պնդումը, որ անկախությունից ի վեր երկու անգամ է հաշվեկշիռը դրական եղել՝ 1991-ին և 2020-ին, ճիշտ է, եթե վերաբերում է միգրացիոն մնացորդին։ Սակայն Պապոյանը նշում է, թե 2020-ին հաշվեկշիռը եղել է 42 700, մինչդեռ, ինչպես երևում է աղյուսակում, մնացորդը եղել է ոչ թե 42 700, այլ 3 400։

Փորձեցինք հասկանալ, թե որտեղից է Պապոյանը վերցրել 42 700 թիվը։ Պարզվում է՝ տնտեսագետ պատգամավորը համադրել է միանգամայն անհամադրելի թվեր։ Այսպես, եթե 1991-2019-ի դեպքում նա հղում է անում միգրացիոն ցուցանիշներին, ապա 2020-ի դեպքում ներկայացնում է սահմանահատումների ցուցանիշը, այն էլ ՀՀ փաստաթղթերով սահմանահատումները (42 786) և ոչ թե ընդհանուրը (12 093)։

Նշենք, որ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ վերադարձան հայրենիք, և մեկնել ցանկացողներն ուղղակի հնարավորություն չունեին լքելու երկիրը։

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Պապոյանը որպես ապացույց կցել է ոչ թե Վիճկոմիտեի վերջին զեկույցը, որում հստակ երևում է, որ 2020-ին միգրացիոն մնացորդը ընդամենը 3 400 է, այլ առավել հին հրապարակում, որտեղ այդ տվյալը պարզապես բացակայում է։



Source link