Վրաստանի ՆԳՆ պատվիրակության այցը Հայաստան – Պանորամա

Վրաստանի ՆԳՆ պատվիրակության այցը Հայաստան – Պանորամա



Փետրվարի 2-ից 4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝  նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»:
Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով:

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցեց Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշեց, որ Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան և ընկեր երկիր:

Խոսելով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության մասին՝ Վախթանգ Գոմելաուրին նշեց, որ միշտ պատրաստ են աջակցել և նաև լսել հայկական փորձը, որը բավական մեծ է:
Վրաստանի ներքին գործերի նախարարը անդրադարձավ նորաստեղծ պարեկային ծառայությանը՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր նախաձեռնությունն ավարտին հասցնելու համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվեցին տեղեկատվությամբ՝ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվեց փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:

ՀՀ ոստիկանության վարչական շենքում Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Հայաստանի ոստիկանության պետն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ ընդգծեց երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։ Մատնանշելով համագործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսեց Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին։

Քննարկվեցին երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով»,- ասվում է հաղորդագրությունում։





Source link