Ստեփանակերտը Արցախյան հիմնահարցում պետք է անցում կատարի բովանդակային դիրքորոշումների


2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարության՝ Արցախյան հիմնահարցում դիրքորոշումներում ու օրակարգում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Իշխող թիմը ընտրություններին մասնակցել է մի օրակարգով, որտեղ Ղարաբաղյան հակամարտությունը առանցքային դեր ու նշանակություն ուներ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում տեղ էին գտել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման միջոցով Արցախի ինքնորոշմանը հասնելը կամ Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի խնդիրը:

Արտահերթ ընտրություններից հետո կառավարության մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, սակայն, փոխվել են: Հայաստանի դիրքորոշումները լղոզվել ու զգալիորեն մեղմացվել են: 2021 թվականի ընթացքում Ղարաբաղյան հակամարտությունը ընդհանրապես դուրս է մղվել Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրակարգերի շարքից՝ իր տեղը զիջելով հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող այլ գործընթացների: Այս միտումը իր գագաթնակետին էր հասել 2021-ի տարեվերջին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր բանակցային գործընթացի պատմության միտումնավոր աղավաղմամբ զբաղվել՝ այդ ընթացքում օգտագործելով նաև մի շարք ադրբեջանական թեզեր:

Այս միտումների խորացման դեպքում կա մեծ հավանականություն, որ մոտակա տարիների ընթացքում Արցախի ժողովրդի հիմնարար շահերի ու իրավունքների վերաբերյալ դիրքորոշումների ձևակերպման ու բարձրաձայնման գրեթե ողջ բեռը ստիպված է լինելու իր վրա վերցնել պաշտոնական Ստեփանակերտը: Եվ որպեսզի այդ դիրքորոշումները լուրջ ընկալվեն միջազգային տարբեր դերակատարների կողմից, դրանք պետք է դադարեն կրել կարգախոսային բնույթ և դառնան ավելի բովանդակային ու իրատեսական:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումները Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ու դրա ավարտից հետո բովանդակային էին ու կտրված չէին բանակցային գործընթացի իրողություններից: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, երբ ԼՂՀ ներգրավվածությունը բանակցային գործընթացում սկսեց աստիճանաբար նվազել, իսկ Երևանի ազդեցությունը Ստեփանակերտի նկատմամբ աճել, հակամարտության համատեքստում Արցախից հնչող հայտարարությունները սկսեցին կրել կարգախոսային բնույթ՝ ուղղված լինելով ավելի շատ ներքին լսարանին, քան միջազգային հանրությանը: Սա նշանակում էր, որ որոշակի փուլից սկսած պաշտոնական Ստեփանակերտը մեծ հաշվով դիրքորոշում չուներ Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Այս իրավիճակը ինչ-որ չափով տրամաբանական էր այն ժամանակահատվածում, երբ Արցախը պատասխանատվության իր բաժինը փոխանցել էր Երևանին և ինքնակամ հեռացել հակամարտության թեմայից: Սակայն այս նոր հետպատերազմյան իրողությունների պայմաններում պաշտոնական Ստեփանակերտի համար Արցախյան հիմնահարցում դիրքորոշում չունենալը կամ իրականությունից կտրված դիրքորոշում ունենալը չափազանց մեծ շքեղություն է:

Արցախի իշխանությունները հակամարտության թեմայով դիրքորոշումներ արտահայտելիս պետք է փորձեն խոսել միջազգային հանրության համար ընկալելի լեզվով: Ներքին սպառման համար հնչեցվող կարգախոսները նպատակահարմար են քաղաքական առումով, սակայն դրանք չեն նպաստում Արցախի ձայնը ավելի լսելի ու ըմբռնելի դարձնելուն:

Այսպես, 44-օրյա պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վերաբերյալ Ստեփանակերտից պաշտոնական մակարդակով հնչեցվող բոլոր հայտարարություններում մոտավորապես նույն բանն է նշվում․ Արցախի ժողովուրդը վաղուց կատարել է իր ընտությունը, ինքնորոշվել է, կայացրել է իր ապագայի վերաբերյալ որոշումը, ու այդ որոշումը պետք է ընդունեն բոլորը: Այս բնույթի հայտարարությունները կարգախոսային բնույթ ունեն և չեն կարող լուրջ ընդունվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված արտաքին դերակատարների կողմից:

Այդ առումով խիստ անհրաժեշտություն կա Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումները համապատասխանեցնել վերջին մեկուկես տասնամյակի բանակցային օրակարգի բովանդակությանը: Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների բոլոր հայտարարություններում անպայմանորեն պետք է հղում կատարվի Մադրիդյան սկզբունքներին, որոնք ժամանակին որպես բանակցային գործընթացի հիմք էին ընդունվել Հայաստանի ու Ադրբեջանի կողմից:

Մադրիդյան սկզբունքներից 2-ը ոչ ակտուալ են դարձել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում: Ադրբեջանը խախտել է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, հարձակում իրականացնելով Արցախի դեմ, իսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող շրջանները պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկղության տակ: Չլուծված է մնացել միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ու ինքնորոշման իրավունքի իրականացման մեխանիզմի շուրջ պայմանավորվածության հարցը: Պատերազմին հաջորդած փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում ընդգծում էին, որ հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, որը պիտի իրականացվի կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա: Սակայն Երևանի կողմից դիրքորոշումների լղոզման ու Արցախյան հիմնահարցը երկրորդ պլան մղելու արդյունքում համանախագահների հայտարարությունները ևս աստիճանաբար կորցրեցին իրենց միանշանակությունը:

Արցախի ժողորդի ինքնորոշման իրավունքի մասին Ստեփանակերտից հնչեցվող հայտարարություոններում շեշտադրումը Մադրիդյան սկզբունքների վրա դնելու դեպքում ԼՂՀ դիրքորոշումները շատ ավելի փաստարկված ու ընկալելի կդառնան: Արցախի իշխանությունները պետք է նաև միջազգային հանրությանը կարողանան հասցնել այն պարզ իրողությունը, որ ԼՂ-ի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում հանգեցնելու է Արցախից հայկական ողջ բնակչության արտահոսքին՝ էթնիկ զտման: ԼՂՀ դիրքորոշումների մեջ կարմիր թելով պետք է անցնի Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման վտանգի մասին պատումը: Այս լեզուն ավելի ընկալելի է արտաքին աշխարհի համար:

Երկրորդ հարցը, որում անհրաժեշտ է հստակություն ու իրատեսություն մտցնել, կապված է ԼՂՀ օկուպացված տարածքների դեօոկուպացիայի օրակարգի հետ: Պատերազմի ավարտից հետո Արցախից բազմաթիվ հայտարարություններ են հնչեցվում օկուպացված տարածքների դեօկուպացիայի պահանջով:

Այնուամենայնիվ, քչերն են մանրամասնում, թե ինչ նկատի ունեն «օկուպացված տարածքներ» եզրույթի տակ: 2021 թվականի դեկտեմբերի 26-ի Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ հետաքրքիր ձևակերպում էր տեղ գտել, որով հստակություն էր մտցվում այս հարցի շուրջ: Հարությունյանը հայտարարության մեջ նշել էր, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Պետք է նաև նշել, որ Արցախում շուտով օկուպացված տարածքների մասին օրենք է ընդունվելու, որտեղ ևս որոշակի հստակություն է լինելու այս հարցի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ առկա իրողությունների գոյության պայմաններում ԼՂՀ իշխանությունները իրենց հայտարարությունների մեջ պետք է շեշտը դնեն նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերականգման վրա, քանի որ այս հարցում միայն նման մոտեցումն է կարող արտաքին աշխարհի կողմից դիտարկվել որպես լեգիտիմ ու ընկալելի:

Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն ունեցող հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ ԼՂՀ իշխանությունները պետք է նաև զգույշ լինեն օգտագործվող բառապաշարի ընտրության հարցում և բացառեն այնպիսի եզրույթների կիրառումը, որոնք կարող են հարվածի տակ դնել կամ սխալ լույսի տակ ներկայացնել Արցախի դիրքորոշումները: Այսպես, 2021 թվականի դեկտեմբերի 27-ի ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարության մեջ Արցախի հայկականության մասին կետում նշվում էր․ «Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները»: Հայտարարության այս հատվածում «օտար տարրեր» եզրույթի օգտագործումը չի կարող ընկալելի լինել միջազգային լսարանի համար: Նման ձևակերպումները Արցախի դիրքորոշումները ընդունելի դարձնելու փոխարեն աղավաղում են դրանք և միջազգային հանրության մոտ թյուր պատկերացումներ ստեղծում:

Եթե Արցախի իշխանությունները ցանկանում են գոնե ինչ-որ չափով ընկալելի դառնալ միջնորդ երկրների ու կառույցների կողմից, ապա պետք է անցում կատարել կարգախոսային բնույթ կրող հայտարարություններից բովանդակային հայտարարությունների և խուսափել ներքին լսարանին ուղղված ոչ դիվանագիտական եզրույթների կիրառումից:



Source link