Սուտ է, որ տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին – Պանորամա

Սուտ է, որ տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին – Պանորամա



ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից (մաս1)

Հաղորդավարի առաջին հարցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որ չկա մի այնպիսի տեղեկատվություն Արցախյան կարգավորման թեմայով, որին դուք տիրապետում եք, իսկ ինքը` ոչ, և ամբողջական տեղեկատվությունը գտնվում է իր սեղանին 2018 թվականից սկսած: 


Հեռուստամեկնաբան.-.- Մյուս կողմից, Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում Ձեր բանակցածի, Ձեր` իբրև ժառանգություն թողած բանակցային օրակարգի մասին պնդումները` Ձեր և գործող վարչապետի կողմից տրամագծորեն իրար հակասում են: Ինչպե՞ս կարող է այդպես լինել։

Սերժ Սարգսյան.– Կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով:

Բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել ձեր հրավերը։

Այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է:

Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով  դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է:

Հարց է առաջանում՝ բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց այն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք՝ ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էինք այդ հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին։

Կա այլ նկատառում ևս. Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես:

Հեռուստամեկնաբան.-.., մինչև որ ՌԴ ԱԳ նախարարը Լավրովը գաղտնազերծեց այն։

Սերժ Սարգսյան.– Այո: Բայց մինչ Լավրովի գաղտնազերծելը, մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ երբ որ, այո, արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը:

Հեռուստամեկնաբան.– Փաշինյանը իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում ասում է, որ խոստումներ էիք տվել անձամբ Դուք, որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, որոնք արձանագրված չեն որևէ փաստաթղթում։

Սերժ Սարգսյան.– Նա ուղղակի դրա մասին չի հայտարարել: Նա իր ոճին համապատասխան այդպիսի ակնարկ է արել, որից ամեն վայրկյան կարող է հրաժարվել:

Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել: Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական:

Բայց թույլ տվեք ես շարունակեմ առաջին հանգամանքի մասին խոսել և ասել, որ երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետև հնչում էին այսպես ասած «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին՝ Ադրբեջանի նախագահի կողմից, և ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ ցավ էի ապրում, որովհետև այլևս ինքը չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որ լավ հնարավորություն են տալիս մեզ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետև եթե վաղը ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում: Հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և՛ գործող իշխանություններին, և՛ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ:

(Տեսանյութում՝ մանրամասներով)

 

 

 

 

 





Source link