Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք – Պանորամա

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք – Պանորամա



«Բայց այդ ի՞նչ փաստեր ենք մենք թաքցրել: Իսկ ո՞վ է և ո՞ր ժամանակահատվածում է ինձանից ավելի շատ խոսել Լեռնային Ղարաբաղի բանակցային պրոցեսի մասին: Ե՞րբ, ո՞վ՝ ասեք: Այսինքն՝ մենք տարիներով ժխտել ենք, որ մեզ փաստաթուղթ են տվել, առաջարկություններ են տվել»,- ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ Ձեզ հիմա գործող իշխանությունը ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու մեջ, բավարար անկեղծ և ազնիվ չգտնվելու մեջ, ինչ-որ փաստեր թաքցնելու մեջ:

Նա նշեց, որ այդ իրենք են տարիներով ժխտել, ընդ որում, դա էլ չեն կարողացել անել, որովհետև ժամանակ առ ժամանակ, ներողություն բառիս համար, պլստում էր արտգործնախարարի բերանից, որ իրենք բանակցում են. «Թափանցիկությունն ինչո՞ւմ է եղել, որ եկել ասել է՝ Ալիևը կառուցողական է: Դա՞ է եղել թափանցիկությունը: Այդպիսի մեղադրանք ես չեմ ընդունում: Ես բազմաթիվ մեղադրանքներ ընդունում եմ, բայց այդպիսի մեղադրանք չեմ ընդունում»:

Հարցին՝ Դուք ունե՞ք հիմքեր ենթադրելու, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կողմերն ամեն դեպքում տվյալների, տեղեկատվության փոխանակման մեջ են եղել, ինչ-որ տարբերակներ են քննարկել, փակ ծրարների մասին է խոսվում, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես վստահ եմ, որ ինչ-որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկներ, իհարկե, արել են, որովհետև ես Ադրբեջանի նախագահի աշխատաոճին քաջածանոթ եմ: Ես չեմ բացառում, որ նա ասած լինի, որ այս ամբողջից պետք է ազատվել, խաղաղ ապրենք, դուք ձեզ համար, Ղարաբաղն ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու և այլն:

Կարող էր անել: Չեմ ուզում, այսպես ասեմ, ավելի խորանամ և չեմ բացառում, որ սա էլ ասած լինի, որ ճիշտն այդպես է և այլն: Այսինքն՝ սա իր տեսակետից մտքում մեկնաբանել է, թե ինչ էր դրանով ասում, նա՝ իր տեսակետից, բայց իրականությունն այն է, որ այդպիսի փոխանակումները չեն կարող չարժանանալ համանախագահների ուշադրությանը: Սա միանշանակ եմ ասում:

Բա լավ, ի՞նչ եղավ, որ իշխանափոխությունից հետո, ինչպես իրենք էին հպարտանում, տարի ու կես կրակոց չկար սահմանին և այլն: Բայց այդ ինչո՞ւ միանգամից Ալիևն ագրեսիվությունը թողեց, ինչո՞ւ: Բա ինչո՞ւ, երբ որ Նախիջևանի հատվածում մենք հսկայական տարածքներ մեր վերահսկողությունից դուրս թողեցինք, մերոնք դրա մասին չխոսեցին: Ակնհայտ էր, հստակություն չկար, բայց իրար հետ այդպես, ես զարմանում եմ բա ինչու՞ Ալիևը նույն կերպ չարձագանքեց ինչպես սա արձագանքեց` կառուցողական: Լավ կլիներ Ալիևն էլ այնտեղից ասեր՝ կառուցողական է կամ խելացի է:

Շատ լավ կլիներ կարծում եմ: Բայց պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում են ողբերգության: Եվ աղետը այն չէ, որ ինքը բանակցային գործընթացից ինչ-որ բան լավ չէր հասկանում, կամ մենք էինք ավելի լավ պատկերացնում, աղետն այսօր է, երբ որ ունենք, նորից եմ կրկնում, ջախջախված բանակ, մենք կապիտուլյացիայի ենթարկված պետություն ենք, չկա, իրենց կարծիքով, որոշակիություն և որևէ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հետ կապված չկա, ոչ մի բան, չկա, չէ՞, ոչ մի բան: Ե՞րբ են իրենք խոսել դրա մասին, բա ինչո՞ւ չեն խոսում: Պատերազմից արդեն անցել է տևական ժամանակ: Բա ինչո՞ւ չեն խոսում: Մեկ տարի երեք ամիս է` դե թող ասեն ինչ է եղել, այդ հարցով հանդիպե՞լ են, այդ հարցով բանակցե՞լ են: Բա համանախագահներն ինչո՞ւ չեն գալիս, ինչո՞ւ են վախենում ասել, որ պետք է կազմակերպել համանախագահների հանդիպում»։

Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե հիմա  լինեին բանակցություններ, երևի կիմանային այս մասին. «Եթե պրոցես լիներ, երևի կիմանայինք: Բայց ինչ բանակցային պրոցես, երբ որ Հայաստանի կառավարիչն ասում է, որ Հայաստանը դեռևս 2016 թվականին կորցրել էր տեսական և գործնական հնարավորությունը: Այսինքն, ինքն ո՞ւմ հետ պետք է բանակցի: Գնա Ալիևի հե՞տ բանակցի: Ալիևը կասի՝ դե դավայ, բեր ստորագրի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Դու ես չէ՞ ասում, որ կորցրել ես այդ հնարավորությունը»:

Հեռուստամեկնաբանի դիտարկմանը՝ այլ բան էլ է ասում, որ 1992 թվականին Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ԱՊՀ հիմնադիր պայմանագրով, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է: Ես չեմ ասում, որ ես իրավաբան եմ կամ շատ խոր գիտելիքներ ունեմ, բայց երբեք որևէ միջազգային կառույցում անդամակցությունը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչման: Հետո դա շատ բարդ հասկացողություն է: Պետության տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, դրա համար կան միջազգային դատարանի որոշումներ, կոնկրետ՝ Կոսովոյին վերաբերող: Թող գնան կարդան այդ որոշումները: Այդ ի՞նչ բան է, Թուրքիան ու Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բա եթե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները, եթե դեմարկացիա-դելիմիտացիա են արել, բա այդ կոնֆլիկտը ինչո՞ւ է մեկ-մեկ ցցվում: Դա ի՞նչ ասելիք է: 

Ուղիղ այնպես, ինչպես, կներեք բառիս համար, հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Հայաստանի նկատմամբ, կոնկրետ՝ Երևանի նկատմամբ, թե դա ադրբեջանական քաղաք է, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում»։

Հարցին՝ ո՞վ է ասել, որ Բաքուն հայկական է, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցը ես պետք է տամ Ձեզ, Դուք էլ մնացածներին»։

«Ես չունեմ այդ հարցի պատասխանը»,- հեռուստամեկնաբանի արձագանքից հետո ՀՀ երրորդ նախագահը շարունակեց. «Համենայն դեպս, ես 1988 թվականից գտնվում եմ այդ պրոցեսի մեջ: Ես չեմ լսել երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ոչ հրապարակային՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ ես եմ երբևէ այդպիսի բան ասել: Այսինքն, ո՞վ է ասել: Է, կարող է մեկը` մի ընդդիմադիր գործիչ կամ մի պատմաբան չգիտեմ ինչ-որ մի բան է ասել, բա թող Ադրբեջանում էլ համապատասխան մակարդակով պատասխանեն: Երբ որ երկրի ղեկավարն է ասում, և դու դա էլ արդարացնում ես, ի՞նչ ասեմ, այստեղ ասելիքն արդեն ավարտվում է»:

Ամփոփելով հարցազրույցը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ. «Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են»։

Նա ընդգծեց, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու.

«Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու:

Այո, մենք ունենք այդ հնարավորությունը, և պետք է պահանջենք, որպեսզի, նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհով»:

Դիտարկմանը՝ և ինչն իրավունքով մերն է, պետք է լինի մերը, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Այո: Իսկ մերն ինչն՞ է` մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է:

Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է:
Գիտեք, տևական ժամանակ` 2018 թվականից հետո, հատկապես կործանարար պատերազմից հետո, մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ: Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել:

Ես  նկատի ունեմ և՛ ներսում, և՛ դրսում։ Եվ դուրսը դա միայն Ադրբեջանը չէ: Մենք երբեք ռևանշիստ չենք եղել: Բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է: Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կա՛մ բարեկեցության ու լավ ապագայի, կա՛մ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել: Սա է ամբողջ խնդիրը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 





Source link