Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր հետևանքները Հայաստանի ու Արցախի համար


Տիգրան Գրիգորյան

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը ռազմական հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ: Այդ քայլով Մոսկվան լրջագույն մարտահրավեր նետեց 1991 թվականից հաստատված աշխարհակարգին: Ուկրաինական ճգնաժամի այս նոր շրջափուլը մեծ ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցոող աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այդ առումով կարևոր է հասկանալ, թե ինչ հետևանքներ է կարող ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի ու Արցախի համար:

Անկախ արդյունքներից այս պատերազմը արդեն իսկ փոխել է ռուս-արևմտյան հարաբերությունների ողջ բնույթը: Եթե նախկինում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև գոյություն ունեին հարցեր, որոնց շուրջ հնարավոր էր համագործակցություն, ապա փետրվարի 24-ից հետո հավաքական Արևմուտքը սկսել է վարել Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն բոլոր ոլորտներում:

Ղարաբաղյան հակամարտությունը այն քիչ հարցերից էր, որոնց շուրջ Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումները բավականին մոտ էին: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան տարիներ շարունակ գրեթե նույնական մոտեցումներ ունեին Ռուսաստանի հետ հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ և փորձում էին համատեղ ջանքերով հասնել տևական լուծման: Այս իրողությունը չէր կորցրել իր արդիականությունը նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Արևուտքի հիմնական խաղացողները ողջունել էին 44-օրյա պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի ջանքերը: 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պետք է հաատեղ աշխատեն, որպեսզի հասնեն Ղարաբաղյան հակամարտության կայուն ու արդարացի ավարտին:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը ու դրա արդյունքում Արևմուտքի կողմից ընդունված նոր ռազմավարությունը Մոսկայի նկատմամբ, որը նպատակ է հետապնդում մեկուսացնել Ռուսաստանին բոլոր ուղղություններով, գրեթե բացառում է այս երկու հակադիր բևեռների համագործակցությունը Ղարաբաղյան համատեքստում: Էլ ավելի մշուշոտ է դառնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, որի դերն ու ազդեցությունը առանց այդ էլ զգալիորեն նվազել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Ռուսաստանը այս պատերազմից հետո վստահաբար փորձելու է ամրապնդել իր մենաշնորհային դերը մեր տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր գործընթացների վրա և մասնավորապես՝ հայ-ադրբեջանական համատեքստում:

Աստիճանաբար փոխվելու է նաև Արևմուտքի վերաբերմունքը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության նկատամամբ: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը Արևմուտքի առանցքային դերկատարների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների նկատմամբ բավականին կառուցողական էր: Բոլորը հասկանում էին, որ նրանք կարևոր ու դրական դերակատարություն ունեն հակամարտության գոտում հարաբերական խաղաղության պահպանման, ինչպես նաև Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումներից պաշտպանելու հարցում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նկատմամբ մեկուսացման այս նոր քաղաքականության ընդունման արդյունքում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը արդեն համապատասխանելու է Ռուսաստանի հետ դիմակայության տրամաբանությանը:

Ուկրաինական պատերազմը ի ցույց դրեց նաև մեկ այլ իրողություն, որը Հայաստանում անտեսվում էր մինչև վերջերս: Մոսկվան հետխորհրդային երկրները համարում է իր ազդեցության գոտի և պատրաստ է դիմել ռադիկալ քայլերի սեփական վերահսկողությունը այդ տարածքում պահպանելու համար: Այդ առումով բավականին միամիտ են հայ քաղաքական ու վերլուծական դաշտի որոշ ներկայացուցիչների այն հույսերը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ Ադրբեջանի հետ հաշտեցումը հնարավորություն է տալու Հայաստանին դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Ռուսաստանի շահերին հակասող քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանի պետականությանը սպառնացող հիմնական վտանգը գալու է Մոսկվայից, այլ ոչ թե Բաքվից կամ Անկարայից: Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցումը չեն կարող էական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների բնույթի ու էության վրա:

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է նաև արագացնել Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացները մեր տարածաշրջանում: Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որոնց նկատմամբ դեռևս վերահսկողություն ունի: Սա զգալիորեն նվազեցնելու է Հայաստանի ինքնիշխանությունը և սահմանափակելու է արտաքին քաղաքական դաշտում Երևանի մանևրելու ունակությունը:

Ուկրաինական ճգնաժամի մեկ այլ պոտենցիալ վտանգը կապված է երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանում քաղաքական կայունութան խնդրի հետ: Վերջին օրերի ընթացքում Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ սահմանել է ծանրագույն պատժամիջոցներ, որոնք լրջագույն վնաս են հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը: Եթե այս պատերազմի արդյունքում Ռուսաստանն ու Արևմուտքը չկարողանան փոխզիջումների հիման վրա որոշակի համաձայնության գալ, որը թեկուզ մասնակի կվերականգնի մինչպատերազմական ստատուս-քվոն, ապա մոտակա տարիներին Ռուսաստանին լուրջ տնտեսական խնդիրներ են սպասելու, որոնք կարող ենք հիմք նախապատրաստել այդ երկրում քաղաքական ապակայունացման համար: Իսկ Ռուսաստանում քաղաքական ապակայունացումը կարող է վտանգներ ստեղծել նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Ուկրաինայում պատերազի բռնկումը Հայաստանի համար իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարն էր: Այն կարող է լրջագույն ռիսկեր ստեղծել մեր տարածաշրջանում՝ բարդացնելով Հայաստանի առանց այդ էլ ծանր աշխարհաքաղաքական վիճակը:



Source link