Պետական հանձնաժողովը դեռ չի ընդունել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը․ պատգամավոր


Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը վերանորոգումից հետո դեռևս չի ընդունվել պետական հանձնաժողովի կողմից։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը՝ անդրադառնալով որոշ հատվածներում ճանապարհի քանդված լինելու վերաբերյալ քննադատություններին։

«Ճանապարհահատվածի 17 կմ-ի մասով կայացվել է տեխնիկական որոշում, որպեսզի 2021-ին իրականացվի պատվածքի առաջին շերտը և արդեն 2022-ին իրականացվի պատվածքի երկրորդ շերտը։ Այս խնդրահարույց ճանապարհները դեռևս ընդունված չեն, դրանք կընդունվեն միայն նորոգումից հետո։ Պետական հանձնաժողովի կողմից ճանապարհն ընդունելուց հետո միայն այն կմտնի երաշխիքային ժամկետի մեջ»,- ասաց պատգամավորը։

Լիլիթ Կիրակոսյանի խոսքով՝ Տաթևից Աղվանի 43 կմ ճանապարհի միայն 700 մետր հատվածում են խնդիրներ առաջացել։

«Այս խնդրահարույց ճանապարհահատվածներում աշխատանքները կապալառուներն իրականացնելու բացառապես իրենց հաշվին։ Պետության հետ կնքված պայմանագրին անգամ մեկ դրամ ավելացում չի լինելու»,- նշեց նա։

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որն աշնանն էր հանձնվել շահագործման, արդեն իսկ սկսվել է որոշ հատվածներում քանդվել։ Խնդրին այսօր Ազգային ժողովում անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Տեղ–տեղ ճանապարհն արդեն սկսել է քանդվել կառուցելուց երկուսից երեք ամիս հետո։ Ձեր իշխանության ժամանակ նոր ասֆալտած ճանապարհը, որը դուք կառուցեցիք, քանի որ ճանապարհը զիջեցիք թուրքին, արդեն սկսել է քանդվել»,– ասել էր ընդդիմադիր պատգամավորը։

Տաթևից Աղվանի 43 կմ ճանապարհահատվածի վերանորոգման վրա պետական բյուջեից 8 մլրդ 900 մլն դրամ էր ներդրվել։



Source link