Պարկով առնետի թույն՝ Կենդանաբանական այգու ջրավազանի մոտ․ ահազանգում է ԺՊ Արևիկ Մկրտչյանը – Պանորամա

Պարկով առնետի թույն՝ Կենդանաբանական այգու ջրավազանի մոտ․ ահազանգում է ԺՊ Արևիկ Մկրտչյանը – Պանորամա




Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ առնետի թույն են փորձել լցնել ջրավազան, որից օգտվում են ուղտը և թուրքմենական կուլանները։


«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ:


Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին:

Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները:


Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար:    

Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից:

Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են:


Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են:


Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից:


Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների:

Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին:

Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց:


Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու:


Դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»,- հայտնել է նա:





Source link