Մեկուսացում, անփույթ վերաբերմունք, անուշադրություն. Ի՞նչ խնդիրների են բախվում հոգեկան խնդիր ունեցողները Հայաստանում – Պանորամա

Մեկուսացում, անփույթ վերաբերմունք, անուշադրություն. Ի՞նչ խնդիրների են բախվում հոգեկան խնդիր ունեցողները Հայաստանում – Պանորամա



Հոգեբուժարաններում գտնվող մարդիկ, որոնք ստանում են երկրաժամկետ ստացիոնար բուժում, մեկուսանում են իրենց ընտանիքներից ու հասարակությունից։ Ընթացող ասուլիսում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով  հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։

Նրա  խոսքով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին տրամադրվող օգնությունն ու սպասարկումը չպետք է սահմանափակվեն միայն հոգեբուժարաններով, մարդկանց պետք է հասանելի լինեն ապաինստիտուտցիոնալացված, այլընտանքային ծառայություններ։

«Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակում և պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր հատուկ արտահերթ զեկույց հոգեբուժարաններում տարիներով կուտակված խնդիրների ու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ընթացող ասուլիսում Արման Թաթոյանը մանրամասնեց՝ զեկույցը, որը նաև միջազգային կազմակերպությունների կողմից լայն արձագանք գտավ,  պատրաստել էր 2017-ի ընթացքում, հրապարակել 2018-ի մարտի 22-ին։

«Ներկայացվող զեկույցի նպատակն է ցույց տալ, թե 2017-2021 թվականների ընթացքում ի՞նչ է փոխվել։ Ցավոք, մեծ հաշվով գործնականում վիճակը նույն է, ինչը զեկույցում օբյեկտիվ կերպով ներկայացված է՝ սկսած կառավարության իրականացրած ոչ ճիշտ քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք ու անուշադրություն հոգեկան խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ»,-ասաց Արման Թաթոյանը։

2021-ին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցեր են իրականացրել Ավանի, Սևանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։

«Դրական փոփոխությունները կամ դրվագային են եղել, կամ էլ առողջապահության գործող նախարարի գործունեության հետ կապված։ Սա հատուկ ուում եմ շեշտել, քանի որ նախկինում մենք դրական զարգացումներ քաղաքականության առումով չենք ունեցել, իսկ այս ընթացքում ոլորտի կարգավորման վերաբերյալ 12 իրավական ակտ է ընդունվել»,-ասաց Թաթոյանը։





Source link