Մարզական կոչումներ՝ սպորտի վաստակավոր մարզիչներին – Պանորամա

Մարզական կոչումներ՝ սպորտի վաստակավոր մարզիչներին – Պանորամա



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել. «Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք ասելու ձեզ՝ մարզիչներիդ: Մարզիչը՝ ուսուցիչը, նաև ընկեր է, հպարտանում է իր սանի հաջողություններով և կիսում նրա անհաջողությունները: Մարզչի աշխատանքը հասնում է իր գագաթնակետին, երբ իր սանը բարձր դիրքեր է զբաղեցնում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր պարգևատրվեցին: Մաղթում եմ հետագա նվաճումներ, որպեսզի մենք էլ հպարտանանք ձեզանով ու մեծ հաղթանակներ կերտենք միասին»:

ՀՀ նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 406-Ա հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրման է արժանացել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Անվանի մասնագետի խոսքով՝ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է. «Շնորհակալ եմ այս պարգևի համար: Երբ աշխատանքդ գնահատվում է, բնականաբար քեզ ավելի լավ ես զգում ու նաև շատ ավելի պարտավորված: Կաշխատենք ավելի լավ արդյունքներ ցույց տալ մեր ասպարեզում»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանն են արժանացել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Միխաիլ Աբրահամյանը և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրենի տեղակալ Աշոտ Վարդապետյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչմանն են արժանացել բռնցքամարտի մարզիչ-մանկավարժներ Բագրատ Ավոյանը, Ռոբերտ Պետրոսյանը և Աշոտ Ավետիսյանը, ծանրամարտի մարզիչ-մանկավարժներ Ալեքսան Կարապետյանը, Գագիկ Գրիգորյանը, Ռուսլան Խուդանյանը, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ Տիգրան Գևորգյանը, շախմատի մարզիչ-մանկավարժներ Տիգրան Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, սամբոյի մարզիչ-մանկավարժներ Ազատ Անդրյանը, Իվան Ազիզբեկյանը, Սերոբ Ավետիսյանը, Սուսաննա Մկրտչյանը, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժներ Հովսեփ Հովսեփյանը, Արմեն Մալխասյանը և Էդգար Ենոքյանը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով էլ ‹‹Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող›› պատվավոր կոչմանն արժանացել է բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը:





Source link