Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով փետրվարի 15-ին հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, թե նշված հոդվածով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, թե «իսկապես չի հասկանում մեղադրանքի էությունը»: «Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որ չպետք է անել կամ հակառակը։ Ինձ վերագրել են լիազորություններ, որոնք ես երբեք չեմ ունեցել։ Ինձ համար բովանդակությունը պարզ չէ, հարգելի դատարան։ Գտեք տարբերակ բացատրելու, թե ինձնից ինչ են ուզում վերջապես, ինչի մեջ եմ ես մեղադրվում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա պաշտպանը խնդրեց մեղադրանքը հստակեցնել։ Դատավորի կողմից մերժում ստանալուց հետո ի նշան բողոքի՝ պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը։

Քրեական գործի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք։



Source link