ՀԲՃ. Չե՛նք լիազորում կառավարությանը՝ մտնելու որևէ կուլիսային գործարքի մեջ – Պանորամա

ՀԲՃ. Չե՛նք լիազորում կառավարությանը՝ մտնելու որևէ կուլիսային գործարքի մեջ – Պանորամա


«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հոդված՝ ընդգծելով չե՛ն լիազորում կառավարությանը՝ ստորագրելու «Մտադրությունների մասին համաձայնություն» շանտաժային փաստաթուղթը կամ մտնելու որևէ այլ կուլիսային գործարքի մեջ։

Տարածած հոդվածը ստորև.

«Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի ծրագրի «վերակենդանացմանն» ուղղված գործընթացներ է նախաձեռնում։ Հունվարի 24-ին Շրջակա միջավայրի նախարարությունում հերթական անգամ քննարկվում էր այդ ընկերության հայտը՝ Արփա գետից արդյունաբերական նպատակով նոր ծավալներով ջրառ կատարելու թույտվության մասին։ Նշենք, որ ընկերության՝ գրեթե նույնաբովանդակ հայտերն արդեն մերժվել են 2019 և 2021 թվականներին։ Այդ մերժումներն ընկերությունը վիճարկում է Վարչական դատարանում։ Նման իրավիճակում Ամուլսարի ծրագրի վերակտիվացման գործընթացներով Լիդիանը, մեր կարծիքով, հերթական անգամ փորձում է ճնշումներ բանեցնել ՀՀ կառավարության վրա։

«Մտադրությունների մասին համաձայնության» նախագիծը

Ջրօգտագործման թույլտվություն հայցող այս փաթեթում ծավալուն տեղ են զբաղեցնում նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակի առնչություն չունեն բուն ջրօգտագործման հետ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է «Մտադրությունների մասին համաձայնություն» կոչված փաստաթղթի նախագծին (տե՛ս այստեղ), որում Ամուլսարի ծրագիրը գործարկելու դիմաց Լիդիան ընկերությունը խոստանում է ներդրումներ և սոցիալական ծրագրեր։ Ուշագրավ է, որ այս խոստումները տալիս է մի ընկերություն, որն անցել է սնանկացման խճճված ու կասկածելի գործընթացներով, և ներկա դրությամբ հենց ի՛նքը հսկայական ֆինանսներ ներգրավելու կարիք ունի։

Հատկանշական է, որ ինչպես ՇՄ նախարարին հղված նամակում, այնպես էլ, ենթադրաբար, իր կողմից կազմված և կառավարությանը ներկայացված «Մտադրությունների մասին համաձայնության» նախագծում Լիդիանը ջրօգտագործման թույլտվություն ստանալը ներկայացնում է որպես Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապիտալիզացիայի (կրկին անգամ այս ծրագրի համար փող հավաքելու), Հայաստան ներդրումներ բերելու և Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման նախապայման։ Լիդիանի կողմից նման ձևակերպումներն ակնհայտ են դարձնում ներդրումների պատրվակով, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրերի դրույթների ներքո, ՀՀ կառավարության գործունեության վրա ուղղակի ներգործության մասին։ Օրինակ, նախագծի հենց առաջին հոդվածում նշվում է․ «Կողմերն ընդունում են, որ Ծրագրի իրականացման և իրենց համագործակցային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով կողմերն իրենց իրավասությունների շրջանակում ներդնելու են բոլոր ջանքերը՝ ապահովելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների փոխադարձ կատարումը և իրավունքների լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն պայմանների ապահովումը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի անխոչընդոտ իրագործման համար՝ բացառապես առաջնորդվելով կիրառելի ՀՀ օրենսդրությամբ»։

Արբիտրաժային նոր հնարավոր շանտաժ

Լիդիանի կողմից ՀՀ կառավարությունից կրկին թույլտվություններ ստանալու քայլերը հանրության համար կասկածներ են հարուցում դրանց իրական շարժառիթների առումով։ Այն պարագայում, երբ հանքի՝ շահագործման փուլ մտնելու մասին նույնիսկ հնարավոր հեռանկար չկա՝ հանքավայրի շինարարությունը ժողովրդական դիմադրության շնորհիվ դադարեցվել է, ենթակառուցվածքների զգալի մասն ապամոնտաժվել է, ֆինանսական կարևոր հենարաններից Վերակառուցան և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությունը դադարել է, Լիդիան Ինթերնեշնլն էլ նախ դուրս է մղվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, իսկ այնուհետև վերակազմավորվել է, և Վայոց Ձորի համայնքների մեծ մասի ՏԻՄ-երն իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին որոշումներ են ընդունել՝ ընդառաջելով քաղաքացիների կոլեկտիվ հանրագրերին, մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Լիդիանն արդեն երրորդ անգամ դիմում ներկայացնում մեծացված ծավալներով ջրօգտագործման թույլտվության համար՝ չնայած արդեն ունի ավելի պակաս ծավալով ջրօգտագործման թույլտվություն։ Ներկայացված այն փաստարկները, թե եղած թույլտվությամբ ծավալները բավարար չեն հանքի շահագործման համար, ժամանակավրեպ են․ այդ հարցով Լիդիանը պետք է զբաղվեր նախկինում, երբ անարգել շինարարություն էր իրականացնում, կամ պետք է զբաղվի այն դեպքում, եթե հանքի շահագործման իրատեսական հեռանկար ունենա։
Կասկածում ենք, որ արհեստական քայլերի և օբյեկտիվ հիմքերով (ջրային ռեսուրսների դեֆիցիտ, այդ մասին՝ ստորև ավելի մանրամասն խոսվում է) մերժումների միջոցով Լիդիանը փորձում է ներդրումային արբիտրաժով շանտաժ անելու հերթական քայլերն անել ընդդեմ պետության։

Քաղաքական ճնշման և չարաշահման փորձ

Ինչպես արդեն վերը նշվեց՝ 2019 և 2021 թվականներին նույնաբովանդակ հայտերն արդեն իսկ մերժվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 2019 թվականին հայցի մերժման հիմքն այն էր, որ Կեչուտի ջրամբարից ներքև ընկած հատվածում, որտեղից ընկերությունը նախատեսում էր ջրառ կատարել, առկա է միայն Արփա գետի էկոլոգիական թողքը։ 2021 թվականին հայցի մերժման հիմքը «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշումն էր։ Ըստ էության, մերժումների իմաստն այն է, որ Արփա գետում ուղղակի չկա բավարար ջուր՝ նման քանակով ջրառ կատարելու համար, առավել ևս կլիմայական փոփոխությունների հետևանքով տարեցտարի պակասող ջրային պաշարների պարագայում։
Այս երկու մերժումներն արդեն Լիդիանը վիճարկում է դատարանում և ակնկալում է դատարանի վճռով ստանալ բարենպաստ վարչական ակտ։ Այս կապակցությամբ՝ հունվարի 24-ին ՇՄ նախարարությանը ներկայացրած իր առարկությունում «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշում է, որ ՇՄ նախարարությունն իրավասու չէ վարչական վարույթ իրականացնել՝ լսումներ անցկացնել և քննարկել այս նոր հայտը, և այդ հայտի վերաբերյալ վարչական վարույթը պետք է կարճվի, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն․ «1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ» (միջնորդությունն ամբողջությամբ տես՝ այստեղ)։ 

Ուզում ենք շեշտել, որ հունվարի 24-ին կայացած հանրային քննարկման ժամանակ Լիդիանի ներկայացուցիչները բացեիբաց հայտարարեցին, որ իրենց նոր դիմումը ներկայացրել են՝ օգտվելով այն հանգամանքից, որ Արարատյան ավազանի 2016-2021թթ․ կառավարման պլանի ժամկետն ավարտվել է, իսկ նոր պլանը դեռ չի ընդունվել։ Ընկերությունը նաև հստակորեն փորձում է ճնշում գործադրել՝ իր դիմումի մեջ գրելով, որ մշակվող նոր պլանը պետք է հաշվի առնի 41,3 լ/վրկ ծավալով ջուր օգտագործելու իրենց ենթադրյալ կարիքները։ Նշենք, որ «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշման աղյուսակ 4-ում նշված է, որ Արփա գետի ավազանում 2021թ-ին կարող է լինել 31,4 մլն մ3 ջրի դիֆիցիտ։ Նման փաստերի առկայության պայմաններում բնական է, որ այս հայտը պետք է մերժվի ու ոչ մի նշանակություն չունի, որ 2021թ-ին այդ որոշման ժամկետն ավարտվել է։ Կառավարության պարտավորությունն է ապահովել ջրավազանային կառավարման պլանների մասին որոշումների շարունակականությունն ու ազգային ջրային պաշարների պահպանությունը։

Ամփոփիչ կետեր

1. Մենք չե՛նք լիազորում կառավարությանը՝ ստորագրելու «Մտադրությունների մասին համաձայնություն» շանտաժային փաստաթուղթը կամ մտնելու որևէ այլ կուլիսային գործարքի մեջ։ Սա միայն բնապահպանական հանրության պահանջը չէ, այլև այն բազմահազար քաղաքացիների պահանջը, ովքեր արգելել են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերության նախագծերի իրականացումը։
2. Անթույլատրելի ենք համարում Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանը Լիդիանի կարիքներին համապատասխանեցնելը։ Եթե կլիմայի փոփոխության ներկայիս տենդենցների պայմաններում այդ պլանում հայտնվեն նախորդ պլանից ավելի դրական կանխատեսումներ, ապա դա նշանակելու է, որ ՀՀ կառավարությունը հերթական ստվերային գործարքին է գնացել։
3. Այստեղ կարող եք ծանոթանալ Լիդիանի ջրօգտագործման թույլտվությունը մերժելու ՀԲՃ-ի առարկություններին և ջրօգտագործման թույլտվության նոր հայտի մասին վարչական վարույթը կարճելու մասին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի միջնորդությանը»։

 





Source link