Sunday, December 5, 2021
Lori Region


Download Best MOD APK

Free android apk download

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են և ապացուցման կարիք չունեն. Արմեն Սարգսյան

[ad_1] Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքին։ Նախագահի աշխատակազմի թարգմանությամբ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ – Մենք…

By Vanadzor , in արմեն սարգսյան Թոփ ԼՐԱՀՈՍ հայ-ռուսական հարաբերություններ ՀԱՅԱՍՏԱՆ սահմանադրական փոփոխություններ Քաղաքականություն , at October 29, 2021

[ad_1]

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքին։ Նախագահի աշխատակազմի թարգմանությամբ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

– Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում է պատերազմի ավարտի օրվա տարելիցի հետ, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Ի՞նչ եք կարծում, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանն ինչպիսի՞ դասեր է քաղել կատարվածից։

– Դժվար է ասել, թե ինչպիսի դասեր է քաղել, քանի որ դրա համար ժամանակ է պետք, նույնիսկ մեկ տարին քիչ է: Ցանկացած պատերազմ ողբերգություն է բերում, սակայն այն կրկնակի ողբերգություն էր, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն էր տարածվում: Նման մեծ, համաշխարհային ողբերգությունների ժամանակ, մենք՝ որպես մարդկային արարածներ, որոնք ապրում են այս մոլորակի վրա, պետք է ավելի շատ համագործակցենք, խոսենք միմյանց հետ, քան պատերազմենք: Այս ամենը ինձ հիշեցնում է Քիպլինգի գիրքը ջունգլիների մասին, երբ ջունգլիներում հրդեհ է կամ ջրի սակավություն է, նույնիսկ կենդանիներն են հավաքվում աղբյուրի մոտ և չեն կռվում:

Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր:

Իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով:

– Այս անգամ դուք առնչվեցիք անօդաչու թռչող սարքերի հետ:

– Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի:

– Հայաստանը հետ էր, բայց իսկ ինչու՞ հայտնվեց հետևում՝ որովհետև բոլորը վստահ էին, որ ցանկացած պահի կարող են հաղթե՞լ՝ վերհիշելով 1990-ական թվականները:

– Դա շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք: Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է:

Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան:

– Իսկ հասկանալի՞ է, թե ինչն է պետք բարելավել:

– Ինձ հասկանալի է: Առաջին հերթին պետք է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները հատուկ, առանձին թեմա են: Թույլ տվեք դա բացատրել գիտական տեսանկյունից:

Մաթեմատիկական տեսությունը կառուցում ես որոշակի բաների վրա: Առաջին հերթին այն կառուցվում է աքսիոմաների վրա: Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն:

Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են:

Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել:

Մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Ես նրանցից մեկն եմ, որ այդքանով ուրախ չեմ և կարծում եմ՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է՝ չնայած ասում եք, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, իսկ Հայաստանը՝ փոքր:

– Դուք ասում եք, որ աշխարհը փոխվում է: Ինչպիսի՞ն է այն դառնում:

– Աշխարհը շատ արագ է դարձել, ամեն բան շատ արագ է փոխվում: Շատերի համար այն դարձել է անկանխատեսելի: Աշխարհը դարձել է անհասկանալի, շատ միջազգային կազմակերպություններ, օրենքներ, որոնք աշխատում էին նախկինում, այսօր չեն աշխատում: Շատերի համար աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև մեծացել է վտանգի զգացումը: Աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև շատ արագ փոփոխվող:

– Դուք չե՞ք մտածել այն մասին, որ մենք այսքան ապրել ենք, իսկ հիմա հասել ենք մի պահի, երբ այն ամենը, ինչով ապրել ենք, մնացել է անցյալում:

– Մենք չենք նկատել այդ փոփոխությունները: Ես այս մասին սկսեցի մտածել 2001-2002 թվականներին, երբ Դավոսում հայտարարեցի, որ աշխարհը փոխվում է: Այդ ժամանակ առաջին անգամ խոսեցի այն մասին, որ աշխարհը դարձել է քվանտային: Ասացի, որ սա այն դասական աշխարհը չէ, որտեղ նախկինում ապրում էինք: Այն ժամանակ բոլորը խոսում էին նոր արդյունաբերական հեղափոխության մասին, իսկ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որը ես անվանում եմ ոչ թե 4-րդ կամ 5-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ R-evolution, այսինքն՝ արագ էվոլյուցիա: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն օր տեղի է ունենում էվոլյուցիա: Տեսեք, թե ինչ արագ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչ մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք հավաքում: Այս ամենն էքսպոնենցիալ է աճում:

– Երբ պատրաստվում էի հարցազրույցին, մի հարց գրեցի, և այնպես ստացվեց, որ դրա մասին մտածեցի նաև այն ժամանակ, երբ Դուք Ռոմանո Պրոդիի հետ բանավիճում էիք: Չե՞ք կարծում, որ Հայաստանը մոտենում է, ինչպես անգլերենով են ասում, fail state՝ ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: Ռոմանո Պրոդին խոսում էր հենց դրա մասին, որ փոքր երկրները, պետությունները առաջիկայում պետք է որոշեն, թե ում հետ են և այլ պետությունների մաս կազմեն:

– Դուք ճիշտ նշեցիք, որ նրա հետ ես բանավիճում էի, որը բարեկամական բանավեճ էր:

Ես նրա հետ բոլորովին համաձայն չեմ և համաձայն չեմ նաև Ձեր ձևակերպման հետ: Ճիշտ հակառակն է: Այն, ինչ կատարվեց պատերազմից հետո… Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից: Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը:

Սակայն, մյուս կողմից, ես առաջին օրից հայտարարել եմ, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով: Իմ առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ մենք պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:

– Այո, մենք դրա մասին խոսել ենք մարտին:

– Սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրում ոչ հավասարակշռված խորհրդարանական համակարգից անցում կատարել ոչ հավասարակշռված նախագահականի: Ոչ: Եթե ցանկանում ենք խորհրդարանական, ապա կառավարումը պետք է հավասարակշռված լինի:

– Ինչքան հասկանում եմ՝ Սահմանադրության հարցը, ես վերջերս եմ շփվել խորհրդարանի խոսնակի հետ, առաջնային չէ: Նա ասաց, որ մտածելու են այդ մասին…

– Թույլ տվեք ավարտել: Որևէ էական տարբերություն չի լինի, եթե մեկ ոչ հավասարակշռված համակարգը փոխարինենք մեկ այլ ոչ հավասարակշռված համակարգով: Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի, շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է:

Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:

Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում:

Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջև: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի և քաղաքական գործիչների միջև: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լինի հանգիստ և կայուն վիճակ: Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն: Կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը, մշտապես: Ոչ:

– Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու:

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային…

Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել… Ամեն դեպքում լարվածությունը կտրուկ նվազել է:

– Այսինքն, այդ խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ համար կարևորն այն է, որ լարվածությունը նվազե՞լ է:

– Այո, լարվածությունը նվազել է: Կան կոնկրետ բաներ: Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել:

– Ինչո՞ւ մեկ տարի անց գերիները դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում:

– Այդ հարցը ինձ չպետք է հղեք:

– Այո, ես հասկանում եմ…

– Այդ հարցը պետք է նախ և առաջ ուղղեք Ադրբեջանին: Հիշում եմ՝ 1994-ին՝ առաջին պատերազմից հետո, բոլոր ռազմագերիները, որոնք եղել են Հայաստանի, Ղարաբաղի տարածքում վերադարձվել են Ադրբեջանին: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել այսօր չվերադարձնել և դատեր, բեմականացումներ անել, օգտագործել մարդկային կյանքները որոշակի խնդիրների լուծման համար:

Այդ հարցը պետք է տաք առաջին հերթին Ադրբեջանին, այդ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէ, այլ գտնվում է մարդկային հարաբերությունների մակարդակում, քանի որ նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը փոխանակվում են գերիներով:

Այս հարցը նաև միջազգային հանրության տիրույթում է: Ես, որպես նախագահ, գերիների վերադարձի հարցով դիմել եմ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ՆԱՏՕ-ին, բոլորին: Իսկ ինչու՞ արդյունք չկա: Երևի մի քանի պատճառ կա: Առաջինը՝ հնարավոր է՝ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն, նրանց այնքան էլ չեն հարգում, ինչպես 30 տարի առաջ էր: Սակայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին խոսելն այլ թեմա է: Երկրորդը՝ հնարավոր է՝ հարցն այն է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպություններին:

– Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել:

– Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում:

– Մեկ տարի առաջ մենք խոսեցինք Թուրքիայի մասին, որ նա կրկին գալիս է տարածաշրջան, շատ է աջակցում Ադրբեջանին: Մեկ տարի անց ինչպիսի՞ միտումներ եք տեսնում: Թուրքիան հանդարտվե՞լ է:

– Թուրքիան հանդարտվե՞լ է: Ես չեմ կարող նման ախտորոշում անել: Ըստ էության, Թուրքիայի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև հարավկովկասյան պատերազմը միակը չէր, որը կապված էր Թուրքիայի հետ: Այն ավելի մեծ՝ տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության մասն է կազմում: Հիշենք, թե որտեղ է Թուրքիան և ինչու մուտք գործեց Լիբիա, ինչու է այդքան ակտիվ Իրաքում, այսօր ինչու է Լիբանանում, արևելքում, կամ ինչու է այդպես տեղավորվել Սիրիայում, ինչու է Միջերկրականում հրահրում Կիպրոսին, Հունաստանին, ինչու է Եվրոպական միության սահմանում պահում հազարավոր փախստականների: Այս իմաստով Եվրոպան Թուրքիայի գերին է, քանի որ եթե այդ հազարավոր փախստականները մուտք գործեն Եվրոպա, ապա Եվրոպայի կայունության մասին խոսելը շատ դժվար կլինի:

– Թուրքիան իրավունք ունի՞ նեղանալու. տասնյակ տարիներ նրան Եվրոպական միություն չեն ընդունում:

– Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ նեղանալու համար պետք է վստահ լինել, որ ճիշտ առաջարկ ես արել: Եվրոպական միություն մտնելն ամուսնության կամ ընտանիք մտնելու պես է: Սակայն Թուրքիան պատրա՞ստ էր մուտք գործել այդ ընտանիք:

Մեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը: Ուզենք, թե չուզենք՝ Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել: Տնտեսական առումով Թուրքիան շատ ազդեցիկ է Վրաստանում: Այսօր Թուրքիան մեծ թափով մուտք է գործել Ադրբեջան: Հասկանալի է նման պատերազմից հետո թուրքական զինված ուժերի ազդեցությունը ադրբեջանական զինված ուժերի վրա, նա մեծ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա, ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսության, համապատասխանաբար՝ լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ նավթատարների վրա, որոնք գնում են Բաքվից Թբիլիսի, Ջեյհան: Թուրքիան ռազմաքաղաքական առումով դարձել է ավելի ազդեցիկ: Մյուս կողմից, թուրքական տնտեսությունն աշխարհում ամենալավերից չէ: Ինչպես հայտնի է, շատ ներդումային ընկերություններ դուրս են գալիս Թուրքիայից: Տնտեսական անկումը փոխհատուցվում է մեծ ակտիվությամբ:

– Հարցնեմ Իրանի մասին: Մեկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը ևս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք ավելի սերտ են դարձել, քան մեկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Նախ, ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ լավ են եղել: Այդ երկրի կառավարությունը նաև ֆինանսապես է աջակցել հայկական հոգևոր և մշակութային կենտրոնների պահպանությանը, ի տարբերություն Թուրքիայի: Եվ ասել, որ մեր հարաբերություններն ավելի լավն են դարձել…

– Ամեն դեպքում, տպավորություն կա, որ այս պատերազմից հետո այդ հարաբերություններն ավելի սերտ են դարձել:

– Իրանը մեր հարևանն է: Այն, ինչ կատարվում էր Հայաստանի հարավում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատվածը սահմանակից է Իրանին, և զարմանալի կլիներ, եթե Իրանն ընդհանրապես ոչինչ չխոսեր այդ մասին:

– Կարծում եմ՝ Իրանին նաև շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:

– Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրավունքն է՝ հայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պետք է ականջալուր լինենք դրան: Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն այդ կարծիքը:

Հարցն այն է, որ պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել, որ պատերազմի ժամանակ շատ դժվար էր ստանալ միջազգային աջակցություն տարբեր կազմակերպությունների, պետությունների կողմից, որոնք ակտիվորեն կսկսեին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկե, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպես Ֆրանսիան, որն անհանգստանում էր և այդ ամենն ի ցույց էր դնում: Սակայն ակտիվության առումով նույնը չեմ կարող ասել մյուս եվրոպական երկրների մասին: Իսկ արդեն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիվորեն խոսել:

– Պատմական փաստերի մասին. Դուք երևի թե լսել եք նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբում, որտեղ նա ասաց, որ պետք է նայել Գլխավոր շտաբի՝ 1920-ականների քարտեզները, որոնք առկա են Ռուսաստանում , և դրա հիման վրա տարածքի սահմանազատում կատարել: Կա՞ հայտարարության վերաբերյալ որևէ գնահատական: Արդյո՞ք համաձայն եք այդ հայտարարության հետ:

– Պատերազմից հետո ես նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե, չգիտեմ, թե հստակ որտեղ:

– Նա ասաց՝ Գլխավոր շտաբում:

– Ուրեմն՝ Գլխավոր շտաբում: Պատերազմը կանգնեցնելու առաջին իսկ օրվանից մեծ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք մեծամասամբ կապված էին այն գյուղերի հետ, որոնք գտնվում էին այդ գործողությունների սահմանին: Կապված էին ընկերությունների հետ, որոնք ևս այդ գծի վրա էին, այդ թվում և՝ ընկերություններ, որոնց սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են: Դրանք հանքային ընկերություններ էին, և այժմ պարզ չէ՝ հանքերը ա՞ջ, թե՞ ձախ կողմում են: Այդ ժամանակ ես Վլադիմիր Պուտինին նամակ գրեցի, որ քարտեզները պահպանվում են: Մինչդեռ Ադրբեջանը օգտագործում է Google-ի ինչ-որ քարտեզ: Ես մաթեմատիկա ու ծրագրավորում գիտեմ, կարող եմ նկարել այնպես, որ Google-ում հայտնվի Դիլիջանի այնպիսի քարտեզ, որը հասնում է այնտեղ, որտեղ Ձեզ պետք է: Դրանք վիրտուալ քարտեզներ են:

Մենք ունենք պատմություն, ընդհանուր պատմություն՝ Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում: Այդ հարցերով զբաղվում էին դեռ խորհրդային ժամանակներում: Եթե ես չեմ սխալվում՝ սկսած 1984 թվականից ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը երկկողմ էր՝ Մոսկվան ու ևս երկու կողմ, փոխվարչապետերի մակարդակով: Այն ժամանակ նրանց անվանում էին Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների ղեկավարների տեղակալներ: Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովն աշխատել է 4-5 տարի: Այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բաներ են ստորագրվել: Իհարկե, վերջնական փաստաթուղթ չի եղել: Այդ փաստաթղթերը ևս գտնվում են ինչ-որ տեղ Մոսկվայում:

Հասկանալի է, որ այս հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի:

– Ես հենց ուզում էի դա հարցնել՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն:

Հարցը վերացական է: Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին… Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին…

Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն:

– Դուք նամակ գրե՞լ եք Ալիևին:

– Մենք իրար նամակ գրելու խողովակներ չունենք:

– Իսկ եթե հանկարծ Իլհամ Հեյդարովիչը համաձայնի…

– Իլհամ Հեյդարովիչը գուցե դիտում է Ձեր ծրագիրը: Իսկ ես դիմել եմ հնարավոր բոլոր ատյաններ:

– Այդ դեպքում այս թեմայով վերջին հարցը տամ: Մենք հանդիպել ենք մարտին, հիմա արդեն հոկտեմբերն է: Որո՞նք են հիմա Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները:

– Հիմնական խնդիրներից են ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը: Խաղաղություն այնտեղ, որտեղ խաղաղություն չկա՝ սահմանին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Որպեսզի խաղաղություն լինի, հրադադարը պահպանվի: Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ եմ հայտնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ջանքերի համար, որ հրադադարը հնարավոր եղավ: Հրադադարները կարևոր են՝ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա:

– Իսկ ներհայաստանյան խնդիրները:

– Մեր հասարակությունն ամեն օր ապրում է խնդիրներով, որոնք կապված են սահմանի, ռազմագերիների հարցերի հետ: Սրանք հասարակությանը շարունակում են լարվածության մեջ պահել: Սակայն իմ մոտեցումը մշտապես հետևյալն է՝ այսօրվա հարցերը լուծելու համար հարկավոր է աշխատել ապագայի համար:

Որպեսզի լուծենք այսօրվա խնդիրները, պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը:

Երկրորդը, կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը:

[ad_2]

Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Download Best MOD APK

Free android apk download