Կորոնավիրուսը տարածողները. Ի՞նչ պատկեր է դպրոցներում – Պանորամա

Կորոնավիրուսը տարածողները. Ի՞նչ պատկեր է դպրոցներում – Պանորամա



Երևանի դպրոցների տնօրենները, նրանց գործավարները դժկամությամբ են պատասխանում իրենց ղեկավարած ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի տարածվածության մասին հարցերին։

Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի գործավարուհին ասաց՝ տնօրենը տեղում չէ, դպրոցում մասամբ անցել են հեռավար ուսուցման։ Հարցին, թե «մասամբ»-ը քանի՞ դասարան է, չպատասխանեց, ասաց՝ տնօրենը քիչ ուշ  կգա, զանգին կպատասխանի։ Դպրոցի երկու հեռախոսահամարներին օրվա տարբեր ժամերին արված բոլոր զանգերն անպատասխան մնացին։

Աջափնյակ վարչական շրջանում գործող Յավորովի անվան թիվ 131 հիննական դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, երկու դասարան անցել է հեռավար ուսուցման, այսօր բացակայությունները շատ են մեկ դասարանում։

«Միայն այդ դասարանում է, որ յո՞թ, թե՞ ինը բացակա ունենք, մյուս դասարաններում մեկ-երկու բացակա կա։ Խոսել ենք ծնողների հետ, ասել են՝ հարբուխ են։ Ունենք երեք ուսուցիչ, որ հիվանդ են, անցած շաբաթվանից չեն գալիս դասի։ Նրանց փոխարինել ենք, քանի որ տարրական դպրոցում հեռավար դասապրոցեսը դժվար է»,-ասաց Ն. Զաքարյանը։

Այսօր առավոտյան ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ին տրամադրեցին հունվարի 27-ի ավարտին ստացած տվյալները, դրան հաջորդող երեք օրերը ոչ աշխատանքային էին։

«Այս պահի դրությամբ չորս դպրոց է՝ 57 հիմնական դպրոցը, որը Մանկավարժականի դպրոցն է, միայն միջին դպրոցն է անցել հեռավար ուսուցման, երեք ավագ դպրոց ամբողջությամբ են անցել հեռավար ուսուցման՝ թիվ 54 դպրոցը, 190 դպրոցը և Հերացու ավագ դպրոցը»,-ասացին  նախարարությունից։

ԿԳՄՍ-ից մանրամասնեցին, եթե դասարանում, դպրոցում վարակվածների թիվը գերազանցում է 10 տոկոսը, ապա անցնում են հեռավար ուսուցման։

Աշակերտների ծնողները վարակի տարածման գործում մեղադրում են դպրոցի տնօրինությունը։ Նրանք դժգոհում են՝ նախ վերահսկողությունը լավ չի իրականացվում, շատ դպրոցներում չի կատարվում ջերմաչափում, նույնիսկ կոնտակտավոր, վարկված երեխաները դասի են հաճախում՝ նպաստելով վարակի տարածմանը։

«Եթե դասարանում կա վարակված երեխա, պետք է անհապաղ տեղյակ պահեն մյուս աշակերտների ծնողներին, չէ՞ որ երեխաները դասից դուրս խմբակներ, պարապմունքների են հաճախում, տարեց պապիկ-տատիկին հյուր գնում՝ անկախ իրենց կամքից վարակելով նրանց»,-դժգոհում է Panorama.am-ի խմբագրություն դիմած ծնողը։

Առանձին դպրոցներում հիվանդության լայն տարածումը նրանք պայմանավորում են ոչ պատշաճ վերահսկողությամբ ու ոչ սրտացավ վերաբերմունքով։

«Ամուսինս երբ վերադարձել էր արտագնա աշխատանքից, թեստավորել էին օդանավակայանում, թեստի պատասխանը դրական եկավ։ Ամուսինս, ես, երեխաները որևէ ախտանշան չունեինք։ Զանգեցի ուսուցիչներին, ասացի՝ դուստրերս կբացակայեն։ Ուսուցչուհին ինձ ասաց, եթե չեն ջերմում, ուղարկի, թող գան։ Զարմացել էի, ո՞նց կարելի է»,-պատմում է մեկ այլ ծնող։

Նրա խոսքով, երեխաներին մեկ շաբաթ տանն է պահել, բայց վստահ չէ, նման իրավիճակում բոլոր ծնողներն այդպես կվարվեն։

Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ի հարցման հայտնեցին, որ այսօրվա՝ հունվարի 31-ի դրությամբ քաղաքապետարանի ենթակայության  թվով 44 դպրոցներից են ստացվել   գրություններ՝  ուսուցումը հեռավար (ամբողջովին  կամ մասնակի) կազմակերպելու վերաբերյալ:

«Կորոնավիրուսային հիվանդության, այնուհետ նաևհեռավար ուսուցնման անցնելու վիճակագրությունը հետևյալն է.

համար 2 դպրոց՝ հաստատված թեստ ունի՝ 4 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 5 դպրոց՝ հաստատված թեստ ունի 1 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 24 դպրոց՝ հաստատված թեստ ունի՝ 4 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 67 դպրոց՝  3 ուսուցիչ, 4 աշակերտ,
Կոջոյան կրթահամալիր՝ 1 ուսուցիչ, 4 աշակերտ,
համար 19 դպրոց՝ 11 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 21 դպրոց՝ 6 ուսուցիչ, 18 աշակերտ,
համար 36 դպրոց՝ 2 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 51 դպրոց՝ 3 ուսուցիչ, 6 աշակերտ,
համար 56 դպրոց՝ 6 ուսուցիչ, 8 աշակերտ,
համար76 դպրոց՝ 1 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 78 դպրոց՝ 4 ուսուցիչ, 11 աշակերտ,
172 դպրոց՝ 4 աշակերտ,
համար 145 դպրոց՝  4 ուսուցիչ, 1 աշակերտ,
համար 151 դպրոց՝ 1 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 192 դպրոց՝ 1 ուսուցիչ, 1 աշակերտ,
համար 44 դպրոց՝ 5 ուսուցիչ,
համար 59 դպրոց՝ 3 ուսուցիչ,
համար 84 դպրոց՝ 15 ուսուցիչ, 4 աշակերտ,
համար 85 դպրոց՝ 2 ուսուցիչ,
համար 125 դպրոց՝ 2 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 136 դպրոց՝ 4 ուսուցիչ,
համար 147 դպրոց՝ 2 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար  87 դպրոց՝ 9 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 141 դպրոց՝  2 աշակերտ,
համար 164 դպրոց՝ 3 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 135 դպրոց՝ 11 ուսուցիչ, 5 աշակերտ,
համար 100 դպրոց՝ 5 ուսուցիչ,
համար 107 դպրոց՝ 5 ուսուցիչ,
համար 153 դպրոց՝ 1 ուսուցիչ, համար 22 դպրոց՝ 9 ուսուցիչ,
համար 131 դպրոց՝  3 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 155 դպրոց՝ 1 ուսուցիչ,
համար 47 դպրոց՝ 1 աշակերտ,
համար 17 դպրոց՝ 2 ուսուցիչ,
համար 160 դպրոց՝ 3 ուսուցիչ,
համար 69 դպրոց՝  5 ուսուցիչ,
համար 79 դպրոց՝ 2 ուսուցիչ,
համար 31 դպրոց՝ 3 ուսուցիչ, 1 աշակերտ,
համար 11 դպրոց՝  13 ուսուցիչ, 3 աշակերտ,
համար 116 դպրոց՝ 6 ուսուցիչ, 6 աշակերտ,
համար 181 դպրոց՝ 8 ուսուցիչ, 2 աշակերտ,
համար 89 դպրոց՝ 5 ուսուցիչ,
համար 174 դպրոց՝ 11 ուսուցիչ, 7 աշակերտ»,-մանրամասնեցին քաղաքապետարանից։
Վերոնշյալ դպրոցներից թվով 4 –ը ( 21, 145, 24, 107) ամբողջովին անցել են հեռավար ուսուցման:
Քաղաքապետարանում համարում են, որ վարակի նման տարածումը պայմանավորված է ընտանիք-դպրոց-հասարակական վայրեր շփումով:

Փետրվարի 7-ից ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանը կեղծ լինելու մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառման ներքո օգտատերերից մեկը խոստովանել էր. 

«Եթե կարելի է մի բան ասեմ։ Քանի որ բոլոր ուսուցիչները պատվաստված են, հիվանդությունը` լինի դա դելտա շտամը թե օմիկրոնը կամ մեկ այլ շտամ, տանում ենք ոտքի վրա, հաճախում ենք աշխատանքի, վարակում ենք իրար, բայց չենք բացակայում, քանի որ դպրոցում ֆորսմաժորային իրավիճակ չենք ուզում ստեղծել»։

Հետաքրքիր է, նախարարությունում գնացե՞լ են այդ ինքնախոստովանության հետքերով։

Panorama.am-ին քաղաքապետարանից  վստահեցնում են՝ դպրոցներում չկան հիվանդ կամ թեթև հիվանդ ուսուցիչներ, ովքեր հաճախում են աշխատանքի:

«Ամբողջովին կամ մասնակի հեռավար ուսուցման անցելու պատճառներից մեկը նաև ուսուցիչների՝  այլ սուր շնչառական հիվանդություններով է պայմանավորված, կամ տվյալ առարկայի միակ մասնագետի հիվանդ լինելու հանգամանքով: Երևանի քաղաքապետարանը համակարգում  և հետևում է  ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամանով նշված կետերի կատարմանը»,-նշում են Երևանի քաղաքապետարանից։

 

 





Source link