Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում – Պանորամա

Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում – Պանորամա



Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ իրականում ոչ թե հինգ, այլ վեց անգղ է սատկել՝  չորս սպիտակագլուխ և երկու սև անգղ։ 

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը, որը շուրջ 13 տարի աշխատում է այգում, Panorama.am-ի հետ զրույցում հետևյալը հայտնեց․

«Այսքան տարիների ընթացքում չի եղել դեպք, որ գիշատիչ թռչունների անկում գրանցվի, այն էլ՝ մեկ-երկու օրվա ընթացքում այդքան շատ գլխաքանակով։ Սատկել է չորս սպիտակագլուխ և երկու սև անգղեր»։

Ասատուրյանը նաև տեղեկացրեց, որ կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել։

«Երկար ժամկետով, ձռան ընթացքում, կենդանիները՝ հիմնականում գիշատիչ թռչունները, չեն կերակրվել։ Փորձել են համեմատել եվրոպական երկրների հետ, որ նրանք 10-15 օրով չեն ուտում։ Ես չեմ ժխտում դա, բայց դա հնարավոր է անել ամռան շոգ եղանակին, այլ ոչ թե ձմռան ընթացքում։ Ձմռանը կենդանիներն ավելի շատ էներգիա են ծախսում, որպեսզի տաքանան»,- ասաց նա։

Մեր ճշգրտմանը, թե ինչո՞ւ չեն կերակրվել կենդանիները, Աննա Ասատուրյանը պատասխանեց․

«Մսի բացակայության պատճառով։ Անընդհատ զգուշացվել է, որ կերերի խնդիր ունենք։ Պահեստում չունենք հատիկային կեր (ունենք թռչուններ, որոնք սնվում են հատիկային կերով)։ Այս մասին ես տեղեկացրել եմ տնօրինությանը»։

Ըստ կենդաբաբույծի՝ դա կարող էր դառնալ կենդանիների անկման պատճառ։

«Կենդանիները երկար ժամանակով չէին կերակրվել, բնականաբար, հյուծվել են։ Հետո երբ սկսել են կերակրվել, պայքար է գնում, գոյության կռիվ, որի ընթացքում ուժեղ կենդանին ճնշում է թույլին և   թույլ չի տալիս, որ այն էլ սնվի, ուստի դա էլ կարող է բերել կենդանու անկման։ Հիմա այս երկու-երեք թևը եղել են ձագեր, որոնք, բնականաբար, ավելի թույլ են, ավելի փոքր և ճնշվել են ուժեղների կողմից»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ այգու տնօրենին բազմիցս զգուշացվել է՝ պահեստում կեր չկա և հունվար ամսից կարող են կանգնել փաստի առջև․ «Պահանջագիր գրվել է, զգուշացվել է, բայց շարժ չի եղել և այսօրվա դրությամբ այս վիճակն է»։

Նշենք նաև Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում տարածեց, որում, մասնավորապես նշված է․«Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն»:

Ինչ վերաբերվում է անգղերին թունավորելու հավանականությանը, որի մասին ակնարկվում էր Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում, այգու աշխատակիցն ասաց․

«Թունավորման մասին ես ոչինչ չեմ կարող ասել։ Նախ չի ասվում, թե ինչ թույնի նկատմամբ է ստուգումն արվել։ Բացի դրանից, սպիտակագլուխ անգղը, որի մոտ քրոնիկական թունավորում են հայտնաբերել, ապրում են խմբով՝ մի տարածքում 21-22 թև սպիտակագլուխ անգեր կան։ Նրանք կերակրվում են նույն մսով, նույն կերով։ Նույն մսով, որը ստանում ենք մատակարարից, կերակրվել են նաև կատվազգիներն ու շնազգիները»,- նշեց կենդանաբույժը։

Աննա Ասատուրյանը նաև հայտնեց, որ այգու դիետոլոգը փոփոխություններ էր կատարել կենդանիների կերակրացանկում։

«Մեր դիետոլոգը որոշել է, որ կենդանիների կերակրումը սխալ է գնում։ Թռչունները նաև պետք է կրծողներ ուտեն։ Նրանց դա տրամադրվել է, բայց կենդանիները հրաժարվել են ուտելուց։ Այդ ընթացքում կեր էինք տրամադրում, բայց հրաժարվում էին ուտելուց։ Ճագար ենք տվել, բայց չեն կերել»,- ասաց նա։

Անդրադառնալով տարածված լուրերին՝ առ այն, որ կենդանիները սխալ սննդակարգով են սնվել, Ասատուրյանն ասաց, որ կենդանիները սննդակարգը մշակվել է երկար տարիների փորձի հիման վրա՝ գիտնական մարդկանց կողմից։ Կենդանաբույժը նաև բացառեց այն, որ կենդանիներն աղբով են կերակրվել։

«Ես կարող եմ բերել վկաներ, ապացույցներ՝ մատակարարող ֆիրմաներից սկսած վերջացրած կերակրողներից»,- ասաց նա։

Ի դեպ Աննա Ասատուրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Ամսի 5-ին աշխատանքից ազատման դիմում եմ գրել, որն առ այսօր չի ստորագրվել։ Պատճառն այն է, որ մասնագիտական խմբի ոչ մի կարծիք հաշվի չեն առնում, արհամարհական վերաբերմունք է։ Ես փորձել եմ հանդիպել տնօրենի հետ, որը ոչ ոքի չի ընդունում իր աշխատասենյակում և այն մարդկանց, որոնք աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Վարչական շենք և մեր աշխատասենյակ մուտք գործելու համար մեր այցեքարտերը փակվել են, պատճառաբանում են, որ ծրագրային խնդիր է։ Քարտուղարուհու միջոցով փորձել եմ հանդիպում տնօրենի հետ, վերջինս ասել է, որ դիմում գրելուց հետո 30 օր ունեք աշխատելու, մնացեք և աշխատեք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ մոտ 10 և ավելի հոգի արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել։

 





Source link