Իրանը 2026 թվականին այլևս չի շարունակի «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ փորձագետ – Պանորամա

Իրանը 2026 թվականին այլևս չի շարունակի «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ փորձագետ – Պանորամա




Ռուսաստանի համագործակցությամբ Իրանում կառուցվում են «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանի երկու նոր բլոկները, յուրաքանչյուրն ավելի քան 1000 մեգավատտ հզորությամբ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ատոմային բլոկը 440 մեգավատտ է։ Ակնկալվում է, որ այդ բլոկները շահագործման կհանձնվեն 2026 թվականին։ Նույն թվականին ավարտվում է Իրանի և Հայաստանի միջև իրականացվող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։


Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում Հայաստանը Իրանից տարեկան մոտ 300-400 մլն խորանարդ մետր գազ է ստանում՝ փոխարենը Իրանին մատակարարելով 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 1 խմ գազ/ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա փոխարժեքով։ Իրանից ներմուծվող գազի այս ծավալը կազմում է Հայաստանի պահանջարկի մոտ 15%-ը։


Թեև Հայաստան գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, այդուհանդերձ, հարկ է նշել, որ Իրանից գազի մատակարարման խողովակի առկայությունը ապահովում է Հայաստանի համար երաշխիք՝ գազի անխափան մատակարարման համար, օրինակ՝ ռուսական խողովակի խափանման պարագայում:


Panorama.am-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը նշեց, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի հունվարի մեկը։ Ըստ նրա՝ Իրանը 2026 թվականին տասն անգամ ավելի շատ էներգիայի սեփական աղբյուր կունենա, քան ստանում է գազի դիմաց Հայաստանից։


«2026 թ-ին Իրանը Հայաստանից այլևս էլեկտրաէներգիա չի վերցնի։ Փոխարենը կառաջարկի, եթե գազ է անհրաժեշտ՝ գումարը վճարեք, վերցրեք։ Բայց այստեղ հայ-ռուսական գազային պայմանագրի համաձայն՝ Հայաստանն իրավունք չունի երրորդ երկրից գազ վերցնելու։ Սա նշանակում է, որ Իրանից այլևս գազ չենք ստանա»,- նշեց նա։


Մյուս կողմից էլ, ըստ էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի, հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բացասական կետում։


«Պատերազմից հետո տեսանք ,թե ինչպես Հայաստանը դուրս մղվեց Հյուսիս-հարավ միջանցքից, խոսքը ՝ էներգետիկ միջանցքի մասին է։ Այն պետք է սինխրոնիզացներ Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը։ Վերջին ամիսներին մենք տեսանք նաև, թե ինչպես Բաքուն և Թեհրանը պայմանագրեր կնքեցին՝ իրենց էներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու և դեպի Ռուսաստան ելք ապահովելու վերաբերյալ։ Հայաստանը, որը 2016 թվականին միջպետական պայմանագրով այդ միջանցքի առանցքային շահառուն էր, այսօր դուրս է մղված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։


Փորձագետը միաժամանակ նշեց, որ Իրանի համար Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագիրը աշխարհաքաղաքական առումով զուտ տնտեսական գործիք է եղել։ 


«Իրանի համար սա գործիք է եղել տարածաշրջանում էներգետիկ և աշխարհաքաղաքական շահն առաջ տանելու համար։ Տնտեսապես Իրանին ավելի ձեռնտու է ներկրել էլեկտրաէներգիան Թուրքմենստանից, որն ավելի ցածր ինքարժեքով էներգիա է ապահովում»,- ասաց Դավթյանը։


Նա ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կապերի զարգացման և ամրապնդման վրա։ Փորձագետի դիտարկմամբ՝ այդ գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականից, երբ օգոստոս ամսին կնքվեց Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան։


«Կոնվենցիայի ստորագրումը «պարարտ հող» ստեղծեց Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կապներն ակտիվացնելու համար։ Զուգահեռ Հայաստանի «թավշյա» իշխանություններն ամեն կերպ թիրախավորում էին Իրանին։ 2018թ-ից ի վեր հայտարարվում էր, որ անհրաժեշտության դեպքում կարող է փակվել Իրանի հետ սահմանը, Իրանն ավտորիտար պետություն է և այլն։ Իսկ պատերազմից հետո, երբ քաղաքական վերադասավորումներ եղան, թիրախում կրկին Իրանը հայտնվեց, որը նախորդ տարվա աշնանն Ադրբեջանի հետ հայտնվեց կիսապատերազմական իրավիճակում։ Սակայն կողմերը գնացին խորքային պայմանավորվածությունների, որոնց դրսևորումներից մեկն էլ հենց այս էներգետիկ պայմանավորվածություններն են»,- նկատեց Դավթյանը։


Այս համատեքստում, փորձագետի համոզմամբ, բոլոր նախադրյալները կան, որ Իրանը 2026թ-ից այլևս չի շարունակի «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։





Source link