Իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ Լոս Անջելեսից Երևան – Պանորամա

Իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ Լոս Անջելեսից Երևան – Պանորամա



Փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:  Համերգը կազմակերպվում է Sonati Art Made Textil ընկերությունը։

Panorama.am-ի հետ զրույցում Sonati ընկերության համահիմնադիր, «Երևանյան  հեռանկաներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես որոշվեց Ալեսանդրո Սաֆինայի համերգը կազմակերպել Երևանում։

«Այս համերգը հետաքրքիր նախապատմություն ունի, Երևան հասավ լրիվ այլ երկրից։  «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիմա որոշակի համերգային գործունեություն է ծավալում արտերկրում։ «Հեռանկարներ» փառատոնը  արդեն միջազգայնորեն հայտնի ձևավորված բրենդ է և կան քաղաքներ, երկրներ,  որոնք չունեն նման փառատոներ,  սիրով ցանկանում են մեզ հետ համագործակցել, ունենալ «Հեռանկարներ» իրենց քաղաքներում։

Սկսեցինք «Լոս Անջելեսի հեռանկարներից» և Սաֆինայի համերգը  պետք է այնտեղ լիներ։ Սակայն, համավարկով պայմանավորված, քանի որ հիվանդացության դեպքերն այնտեղ շատացել են, Սաֆինայի համերգը  տեղափոխվեց Հայաստան։ Իսկ Լոս Անջելեսում կկայանա այլ ամիս»,- մանրամասնեց Սոնա Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ  աշխարհահռչակ իտալացի տենորը սիրով է ընդունել Հայաստանում հանդես գալու առաջարկը։

Սաֆինան  մեկ անգամ ելույթ ունեցել է Հայաստանում, սակայն տեղի է ունեցել կոնկրետ ընկերության հրավերով, մուտքն հիմնականում հրավիրատոմսերով է եղել։

Ս. Հովհաննիսյանը նշեց, որ կազմված է գեղեցիկ ծրագիր։ Համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Նիկոլա Սիմոնին, նաև հարվածային գործիքների կատարողն է իտալացի։  Ձայնային և լուսային մասնագետները նույնպես իտալացիներ են։

Ս.Հովհաննիսյանի ներկայացմամբ, Sonati պրոկետը մշակույթի և բիզնեսի հետաքրքիր հիբրիդ է, ընկերություն է,  որը ստեղծված է արվեստով ու ծառայում է արվեստին, Sonati-ի հիմնական նպատակն է միջոցներ ստեղծել  արվեստը ֆինանսավորելու համար։ Նա հայտնեց, որ առաջիկայում Երևանում  կազմակերպելու են լիբանանահայ, Իսպանիայում բնակվող տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի համերգը, նաև «Հեռանկարների» ցանցով մի քանի այլ երկրներում, ինչը նպաստելու է Հայաստանի հայտնիությանը, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ 

«Սի-Էն-Էն» ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը Սաֆինային դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: Ալեսանդրո Սաֆինան հանդես է եկել երաժշտական զուգերգերով և թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի և այլոց հետ: Սաֆինան ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի համար Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենեի համար:
 





Source link