Ինչու աշխարհը դեռ չի ընկալում «հայկական գինի» բառակապակցությունը – Պանորամա

Ինչու աշխարհը դեռ չի ընկալում «հայկական գինի» բառակապակցությունը – Պանորամա


Աշխարհը դեռ չի ընկալում «հայկական գինի» բառակապակցությունը, ինչն անարդար է, քանի որ Հայաստանն ունի գինեգործության բազմադարյա մշակույթ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Գինու ազգային կենտրոնի» տնօրեն Ավագ Հարությունյանը։ 

Իրականում, ըստ նրա, Հայաստանում արտադրվում են այնպիսի գինիներ, որոնք կարող են իրենց արժանի տեղը գրավել աշխարհի բարձրարժեք գինիների կողքին

«Հայաստանի թիրախը պետք է եվրոպական շուկան լինի, իսկ դա նաև դիվանագիտական կորպուսի աշխատանքից է կախված, թե որքանով կներկայացնեն աշխարհին հայկական գինին»,- նշում է գինեգործը։

Հայաստանի գինեգործությունը դեմքն արմատապես փոխեց վերջին 10 տարիներին

ՀՀ վիճակագրական կոմիտեն դեռևս չի ամփոփել 2021 թվականի ցուցանիշները։ Վերջինը հունվար-նոյեմբերի տվյալներն են։ Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության,  2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են 21.7 տոկոսով՝ կազմելով 11 մլն 294.5 հազար լիտր։ 2020 թ-ին արտադրության ծավալները 16․7%-ով նվազել են՝ կազմելով  9 մլն 281.8 հազար լիտր, 2019 թ-ին էլ արտադրվել է 12 մլն 676.2 հազար լիտր գինի՝ 2018-ի համեմատ աճելով 31․6%-ով։

Ավագ Հարությունյանի խոսքով՝  վերջին տարիներին գինեգործության ոլորտում շարունակական աճ է արձանագրվել։ Նա համոզված է, որ 2021 թ-ն էլ կամփոփվի նվազագույնը 30 տոկոս աճով։  «Դա նվազագույնը, բայց կարծում եմ՝ մոտ 35-40 տոկոս կկազմի»,- ասաց նա։

Գինեգործության ոլորտում աճը, ինչպես գինեգործն է նշում, պայմանավորված է մի քանի բաղադրիչով։ Նախ ամեն ինչ սկսվել է 2008-2010 թթ-ից, երբ կառավարությունը որոշեց փոխել  գինեգործության ոլորտի կառուցվածքն ու նպատակները։ Այդ տարիներից սկսած գինեգործության ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ:

«Այսինքն՝ այդ գաղափարախոսությունը դրված է դեռևս 2008-2010 թթ-ից։  Անկախ կառավարման համակարգից, տնտեսական քաղաքականությունից, որը վարում է կառավարությունը, ոլորտում զգալի աշխատանքներ են տարվել։ Իրականում այն նաև  իներցիայով է զարգանում, այստեղ նաև գինեգործությամբ զբաղվող մարդկանց ամբիցիաներն են։

Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ նախորդ երկու կառավարությունների ժամանակ ստեղծվեցին կառույցներ, որոնք պետք է զարգացնեին գինեգործությունը։ Մասնավորապես՝  Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի նպատակն է աջակցել գինեգործներին, միջազգային ասպարեզում  ճանաչելի դարձնել հայկական գինիները։ Իսկ այս  կառավարությունն էլ ֆինանսավարկային և լիզինգային նպաստավոր քաղաքականություն վարեց։ Այսինքն՝ վերջին երք կառավարությունները ճիշտ քաղաքականություն վարեցին գինեգործության և խաղողագործության ոլորտում, դրան գումարվեցին ամբիցիաներն ու նպատակները՝ դուրս գալ լուրջ շուկաներ, բերեցին նրան, որ մենք առաջիկա տարիներին կպահպանենք արտադրության աճի տեմպերը»,- ասաց Ավագ Հարությունյանը։ 

Հայկական գինիները որակով չեն զիջում աշխարհի լավագույն գինիներին

Հարցին, թե պարբերաբար բարձրաձայնում  է, որ խաղողի հետ կապված խնդիրներ ունենք, այդ դեպքում աճն ինչպես են ապահովելու, «Գինու ազգային կենտրոնի» տնօրենը ևս մեկ անգամ հայտարարեց՝  իսկապես խնդիր ունեն, բայց դա հատկապես  նկատելի կլինի մոտ 10 տարի հետո։

«Հիմա արդեն գինու խաղողի հետ խնդիր կա, բայց գլոբալ առումով նաև կոնյակի խաղողի հետ կունենանք խնդիր 10 տարի հետո։ Նախ խաղողի վնասատու ֆիլոքսերիայի պատճառով կկորցնենք այգիներ, ուստի ցանկալի է, որ նոր այգիներն ավելի արագ հիմնվեն։ Մենք չունենք մեծ ծավալի որակյալ խաղող գինու համար, որպեսզի կարողանանք կրկնակի կամ եռակի ավելացնել գինու արտադրության ծավալը։ Ընդամենը 3-4 տարի կկարողանանք աճի այս տեմպերը պահպանել, իսկ սկսած 5-րդ տարուց կունենանք գինու խաղողի մեծ դեֆեցիտ, իսկ 10 տարի հետո՝ ընդհանրապես խաղողի հետ կապված լուրջ խնդիրներ կունենանք»,- նկատեց Ավագ Հարությունյանը։ 

Ինչ վերաբերում  է արտահանմանը, գինեգործը նշեց, որ Հայաստանի գինեգործությունը դեմքն արմատապես փոխեց վերջին 10 տարիներին։ Հիմա, ըստ նրա, որակի խնդիր չունեն։

«Վստահ կարող եմ ասել, որ որակով չենք զիջում մեր սեգմենտի աշխարհի լավագույն գինիներին։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում 10-20 եվրոյով վաճառվող գինիներին կամ մոտ 30 եվրոյանոց գինիներին։ Ավելի բարձր արժեք ունեցող որակյալ գինիներ ևս ունենք, բայց դրանք դեռևս ճանաչելիության խնդիր ունեն։ Մենք պետք է փորձենք ապացուցել, որ ունենք գիներգործության պատմություն։ Հիմա մինիմում  խնդիրը լուծել ենք՝ միջին սեգմենտում ապացուցելով, որ հայկական գինիները որակյալ են և չեն զիջում որևէ երկրի գինիներին։

Բայց մեր հիմնական խնդիրը ճանաչելիությունն է, դեռ աշխարհը չի ընկալում «հայկական գինի» բառակապակցությունը, մինչդեռ գինեգործության մշակույթը սկիզբ է առել հենց Հայկական բարձրավանդակում: Այսինքն՝ հիմք կա և պետք է համատեղ ուժերով այն ներկայացնել համաշխարհային շուկայում։ Գինեգործությունը  Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ճյուղ է ոչ թե ֆինանսական առումով, քանի որ այն չի կարող բյուջեի անգամ 10 տոկոս եկամուտն ապահովել, այլ իմիջի և մշակույթի համար է կարևոր»,- ընդգծեց նա։  

Հիմնական խնդիրը ճանաչելիությունն է

Ինչ վերաբերում  է պահանջարկին, ապա, ըստ Ավագ Հարությունյանի,  եթե 20 տարի առաջ արտահանման կառուցվածքում Ռուսաստանը զբաղեցնում էր 96-97%-ը, այսօր դա հասնում է 70-75%: Նրա խոսքով՝ մեր գինիներն  աստիճանաբար նոր շուկաներ են արտահանում, դա նշանակում է, որ հետաքրքրություն կա։

«Ռուսաստանն էժան գինիների, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի շուկա է, դրա համար մենք պետք է փորձենք հնարավորինս  արագ  այլ շուկաներ մուտք գործել, քանի որ ռուսական շուկայում չենք ընկալվում որպես լուրջ գինեգործական երկիր, ռուսական շուկայի փիլիոսփայությունը հետևյալն է՝ եթե լավ գինի, ապա ֆրանսիական, իսկ քանի որ հայկական գիների գները մոտենում են ֆրանսիականին, ապա գնորդն առաջին հերթին նախընտրում է այդ գնով գնել ֆրանսիական գինի։ Այսինքն՝ որպես լավ գինի ընկալվում է ֆրանսիականը, իտալականը, ինչու չէ նաև վրացականը, դրա համար մեր խնդիրը պետք է լինի նախ այլ շուկաներ ներգրավել։

Դրսի շուկաներ արտահանելու համար ավելի շատ աշխատանք է տարվում, գինեգործներն ավելի բծախնդիր են դառնում, քանի որ Եվրոպայում գինիներից հասկանում են, կարևորում են յուրաքանչյուր դետալ՝ սկսած հողից, խաղողի մշակումից։ Դիվերսիֆիկացումը մեր կարևոր խնդիրն է, ռուսական շուկայից հնարավորինս քիչ կախվածություն պետք է ունենանք»,- ասաց Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝  հայկական գինիների արտահանման մասնաբաժնում Եվրոպան և ԱՄՆ-ը երկրորդ և երրորդ տեղերում են, այստեղ իհարկե կա նաև հայկական սփյուռքի գործոնը։ Սակայն, ըստ գինեգործի Սփյուռքի դերակատարությունն ունի և դրական, և բացասական կողմ։ Դրականն այն է, որ սպառում է հայկական գինին, ճանաչելի է դարձնում, իսկ բացասականն այն է, որ գինեգործները մոտիվացիա չեն ունենում, քանի որ Սփյուռքում գնում են հայկական գինի ոչ թե նրա համար , որ որակյալ է, այլ ավելի շատ՝ հայրենասիրական մղումներով։

 





Source link