«Ժողովուրդ». Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա – Պանորամա

«Ժողովուրդ». Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա – Պանորամա



«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից և նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են:

«Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նախագծից: Նախ՝ նկատենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, և այժմ օրենքի նախագծում մանրամասն նշվելու են այդ հանգամանքները, դրանց հետևանքները և օկուպացված տարածքները:

Այսինքն՝ Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա, և այդ մասին օրենք է ընդունելու՝ նշելով տեղանունները, տարածքները, վեր հանելով նաև փախստական անձանց խնդիրները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հադրութից տեղահանված մարդկանց կարգավիճակին:

Բացի այդ, օրենքում բարձրացվելու են մշակութային, պատմական ժառանգության խնդիրներ, որոնք այժմ առկա են: Հավելենք, որ օկուպացիայից հետո այսպիսի նախագծերի մշակումն ու ընդունումը միջազգային ընդունված պրակտիկա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ է դրված բոլոր խմբակցությունների կողմից, այն միանշանակ կընդունվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում





Source link