Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը. Աբրահամյան – Պանորամա

Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը. Աբրահամյան – Պանորամա



«Հանրությանը  հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, գործընթաց է տեղի ունենում առանց նախապայմանների, չի համապատասխանում իրականությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացների մասին հարցերին:

Նրա խոսքով, այս իշխանության 3-4 տարիների ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունը, անկեղծությունը բացակայում է, իշխանությունն ասում է  մեկ բան, իրականացնում լրիվ այլ բան և  ակնկալել, որ այս պայմաններում իշխանությունը կարող է այս դեպքում ճշմարտությունը մատուցել, որևէ ձևի տրամաբանական չէ: Տ.Աբրահամյանն ընդգծեց, որ նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են թուրք պաշտոնյաները, Թուրքիայի նախագահ Էրդողանը:

«Իշխանությունը երեկ նաև փորձում էր համոզել, որ իրենք երբևէ հայ-թուրքական  գործընթացի հետ կապված որևէ բան չեն թաքցրել: Բայց իրականության մեջ  թուրքերի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին իմացանք այն ժամանակ, երբ Էրդողանը խոսեց այդ մասին  լրատվամիջոցների հետ զրույցում, և մենք այդ ժամանակ իմացանք, որ կա նաև վրացական միջնորդություն այս գործընթացում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե վերհիշեք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, կտեսնեք գլխավոր քաղաքական օրակարգերը, արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում որպես ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը մնալ:

Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա  իրավիճակից պլստալու հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն և դրանք, ցավալիորեն, այսօր առաջին պլանում են, երկրորդում են այն կարևորագույն հարցերը, որոնք  վերջին 3 տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: 

Նա նշեց, որ իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ, թքած ունենալով կարևոր արժեքների վրա, գնում են ավելի լավ ապրելու ճանապարհով։

«Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ էֆեկտ  է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք արտահայտվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կամ գոյություն չունի, կամ Հայաստանի մի մասը, Արցախը, գտնվում են ադրբեջանա-թուրքական վերահսկողության ներքո», – ասաց Տիգրան Աբրահամյան
 





Source link