Թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում՝ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում գորգերը. Վարդան Ասծատրյան – Պանորամա

Թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում՝ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում գորգերը. Վարդան Ասծատրյան – Պանորամա


Ադրբեջանում արդեն շահարկում են Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշների՝ մշտական ցուցադրության վայր չունենալու փաստը։ Ասուլիսում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանն ասաց, որ թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում, որ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում, թողեիք մնար այնտեղ։

«Մենք բոլորս ենք մեղավոր, որ իրենք իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություններ անել և հոդվածներ գրել»,- նշեց նա։

Շուշիում գորգերի թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին։ Թանգարանն իր բնականոն կյանքով զարգանում էր մինչև 2020 թվականի պատերազմը։ 44-օրյա պատերազմի ժամանակ տարհանվել է թանգարանի ցուցանմուշների 70 տոկոսը։

Վարդան Ասծատրյանն ասաց, որ ցուցանմուշները ի պահ էին հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին, այնուհետև մեկ տարի ցուցադրվել են Ճարտարապետության թանգարանում, այժմ հավաքել ու պահաստավորել են։

«Հույս ունեի, այդ մեկ տարում համապատասխան մարմինները խնդրին լուծում կտային, քանի որ միակ փրկված թանգարանն է և գորգերը թանգարանային նմուշներ են։ Հարցը չլուծվեց, միայն խոսակցությունների մակարդակի վրա են»,- ցավով ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Նա հայտնեց, որ 2-3 օր առաջ իրեն հրավիրել էին Հայաստանի ԿԳՄՍ նախարարություն, համոզել, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, հարցին լուծում են փնտրում։ 

Վարդան Ասծատրյանն ասաց, որ Արցախի մշակույթի նախարարի, պետնախարարի հետ էլ է հանդիպում ունեցել և համաձայնվել է գորգերը տեղափոխել Արցախ միայն այն դեպքում, եթե թանգարանը դառնա պետական։

«Քանի որ Արցախի կարգավիճակն անկայուն է, չեմ կարող մասնավորի կարգավիճակով այդ ամենը տանել Արցախ։ Այդ ցուցանմուշների համար մեր հարևանները մեծ քայլեր են ձեռնարկում, ՅՈՒՆԵՍԿՕ են դիմել իբրև իրենց գորգերն ենք տարել։ Ասել եմ՝ նման անկայուն պայմաններում այս  կարգավիճակով չեմ կարող բերել Արցախ, ասել եմ՝ ձև գտնեք, դառնա պետական, այդ ժամանակ էլ կբերեմ»,- նշեց նա։

Հայաստանի փորձագիտական կենտրոնի մասնագետները գնահատել են հավաքածուն։ Վարդան Ասծատրյանը չնշեց, թե որքան գումար է կազմել, միայն ասաց, որ Արցախի կառավարությանն առաջարկել է՝ մեկ տարուց ավելի ժամկետով ժամանակացույց կարող են կազմել վճարման համար։
 





Source link