Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան – Պանորամա

Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան – Պանորամա

[ad_1]

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնեց երկու զինծառայողի անհետացման մասին:

Նա ասաց, որ  2021 թ. մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծատայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից: 2021 թ. մայիսի 24-ին ռազմական  ոստիկանության կողմից հարուցվել  է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում:

«Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը  չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատել, ինչը  փաստվում է նաև Մկրտչյանի մոր դիմումով ուղղված  պաշտպանության նախարարությանը:

Մկրտչյանի անմիջական  կամ ուղղակի հրամանատարներից, համածառայակիցներից որևէ մեկը քրեական գործով չի անցնում որպես  մեղադրյալ կամ կասկածյալ ներգրաված չի»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Մյուս դեպքը, նրա ներկայացմամբ, տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 12-ին,  հայ-ադրբեջանական  սահմանի ուղղություններից մեկով, կրկին մարտական հենակետից, կորել է պայմանագրային զինծառայող:

«Այս  պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ  տեղեկություն չկա: Անձի անուն-ազգանունը կա, ընտանիքի հետ դեռ կապ չեմ հաստատել, դրա համար  չեմ հնչեցնում»,- նշեց Տ.Աբրահամյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, հայ զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է  իրավիճակի լրջության մասին:

Տ.Աբրահամյանը նաև հավելեց, որ եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է  պաշտոնական հաղորդագրություն, երկրորդ դեպքով նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

«Փաստացի, մեր երկու զինծառայողները չկան, նրանց ճակատագրի մասին, որքան ես եմ  հասկանում,  դեռ ոչինչ հայտնի չէ»,- ասաց նա՝ հարցեր ուղղելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ի՞նչ է առհասարակ հայտնի ՊՆ-ին երկու զինծառայողների անհետացման հանգամքների մասին, արդյո՞ք  ձեռնարկվել են  հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու, զինծառայողներին հայտնաբերելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ պատգամավորը գրությամբ դիմել է նախարարություն, արձագանքել են, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտում, ուղղորդել են Քննչական կոմիտե:

«Դեպքերի առնչությամբ ավելի մանրամասն պատրաստ եմ քննարկել հանդիպման ժամանակ: Այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայանելու նոր բան չեմ կարող ասել: Մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիա»,-  ասաց Պապիկյանը:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ ստացել է  պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ տվյալ զինծառայողն անհետացել է:

«Երբ այս միջադեպերը  համեմատության մեջ ենք դնում, գումարում 2021 թվականի ընթացքում գերեվարված զինածառայողների խնդիրը, ոչ մարտական  պայմաններում մահացած կամ վիրավորում ստացած զինծառայողների հարցը, ապա ուղերձային առումով  բավականին մտահոգիչ ազդակներ են փոխանցվում Զինված ուժերում առկա իրավիճակի մասին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ կրկին հարցադրումներ հնչեցնելով՝ քանի ոչ  մարտական կորուստ է գրանցվել  2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի՞ ուսումնասիրություն ոչ  կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած  զինծառայողների դեպքերի դրդապառճառների մասին, եթե ունեն պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ  ուղղություններով են աշխատում կանխելու կամ  էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ հնչած հարցերին պետք է գրավոր արձագանքել, քանի որ ցուցանիշների մասին է, իսկ հիմա պատրաստ չէ ներկայացնել այդ ցուցանիշները:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ  հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում: Չկա հարց, որ պետք է ծածկել, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ»,-  ասաց պաշտպանության նախարարը:

Նա նաև հայտնեց, որ կա վերլուծություն, սակայն իր կողմից դեռևս չի հաստատվել, քանի որ այն իրեն դեռևս չի բավարարում:

«Պատճառահետևանքային պրոբլեմները շատ են` սկսած հոգեբանական խնդիրներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով, բանակի առնչությամբ բաց հրապարակումներով, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի:

Ուզում եմ կոչ անել ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը՝ բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն: Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց, երկրի համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը: 



[ad_2]

Source link