Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան – Պանորամա

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան – Պանորամա



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։

Դիվանագետը նշել է, որ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ, սակայն Մոսկվան մերժում է Կիևի պարզած ձեռքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման որևէ նախապատրաստական աշխատանք չի կատարվում, միայն առկա է «Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարում»։

Դեսպան Մելնիկը կարևորել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ հանդես գա Դոնբասի հարցով «նորմանդյան ձևաչափի» վերականգնման գործում։ Հիշեցնենք, որ նորմանդյան քառյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան։

Դեսպանը կրկին կոչ է արել Գերմանիայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում և նշել, որ Ուկրաինան «անխոնջ կհորդորի դաշնային կառավարությանը և ընդդիմությանը պաշտպանական զենք մատակարարել Ուկրաինային»։

Միաժամանակ Մելնիկը հավելել է, որ առաջին հերթին Ուկրաինային անհրաժեշտ են «100.000 սաղավարտներ և զրահաբաճկոններ» կամավորների համար:

 





Source link