Երբ դատավորին արդարադատություն իրականցնելու համար պատժում են, դատական համակարգի անկախությունը տեռորի ենթարկելու գործողություն է. Վարդևանյան – Պանորամա

Երբ դատավորին արդարադատություն իրականցնելու համար պատժում են, դատական համակարգի անկախությունը տեռորի ենթարկելու գործողություն է. Վարդևանյան – Պանորամա


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հրատապ հանդիպում են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ օրակարգային մի քանի հարցեր կային, բնական է՝ առավել հրատապը և նման հանդիպման նախաձեռնման առիթն էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող զարգացումները։

«Բոլոր այն մտահոգությունները, որոնք մասնագիտական հանրույթը բարձրաձայնել է, ներկայացվեց դեսպանին։ Ես դեսպանին ցույց եմ տվել դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա իշխանական հերթական միջոցառման ժամանակ թմբուկ է խփում։ Թող նաև միջազգային հանրության ներկայացուցիչները պատկերացնեն Հայաստանում արդարադատության որակը։

Դեսպանին նաև տեղեկացրեցինք գործերի մակագրման համակարգչի մինչ օրս առգրաված լինելու մասին, ու առհասարակ, թե ինչ մթնոլորտ է տիրում կալանավորման ինստիտուտի վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, եթե կալանավորման թիրախ է դառնում նույնիսկ դատավորը, ինչ է  «ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորել այս իշխանությունների ցանկություննների և իղձերի նկատմամբ», լրջագույն խնդիր է։

«Եթե արդեն թիրախ են դառնում դատավորները,  սա խոսում է  ժողովրդավարական  արժեքներից տիտանական հետընթացի մասին, ինչը չափազանց վտանգավոր է»,- ընդգծեց Ա. Վարդևանյանը։

Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը, առհասարակ, առնչություն չունի իր սահմանադրական կարգավիճակի հետ, ԲԴԽ-ն վերածվում է քրեական հետապնդման մարմնի, այն  պարագայում, երբ Սահմանադրության մեջ գրված է, որ ԲԴԽ-ն պետք է երաշխավորի դատավորների անկախությունը։

«Պատկերացրեք՝ ԲԴԽ-ն միաձայն ասում է՝ հետապնդեք դատավորին, և մի սահմանափակվեք դրանով, տարեք ու կալանավորեք, իսկ դրանից հետո «պատահականությամբ» կալանավորման գործը պետք է քննի այն դատավորը, որը փոխկապակցված է իշխանության ներկայացուցիչների հետ։ Դատավոր Դավիթ Արղամանյանը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է եղել։ Ինչպե՞ս է ստացվում, որ հենց իրեն է գործը մակագրվել։ Մակագրել են հենց այդ անձին, որովհետև նրա նկատմամբ վստահություն ունեն, որ վերջինս կկատարի այն, ինչ իրենից ակնկալվում է։ Այն է՝ դատավորին կալանավորել, ազդակ տալ ամբողջ դատական համակարգին, որ այսպիսին է դատավորների նկատմամբ վերաբերմունքը, որոնք շեղվում են իշխանությունների ցանկության ուղղուց»,- նշեց Վարդևանյանը։

Նա հայտնեց, որ դեսպանի հետ հանդիպմանը պատգամավոր  Էլինար Վարդանյանը խոսել է քաղհասարակության, ՀԿ-ների մասին, որոնք նախկինում շատ ակտիվ էին նույնիսկ չնչին իրավունքի խնդիր առաջացնող իբրև հարցի կամ հենց հարցի վերաբերյալ, իսկ վերջին տարիներին լուռ են։

«Սա իսկապես լուրջ խնդիր է։ Այսպիսի հարցերում չկա քաղաքականություն, սա քաղաքական հարց չէ։ Երբ իրապես դատավորին արդարադատություն իրականցնելու  համար պատժում են, այստեղ օրենքի և իրավունքի ճգնաժամ է առաջանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Նրա գնահատմամաբ, այս ամենը քաղաքականության հետ առնչություն չունի, ժողովրդավարության դեմ  ոտնգություն է, դատական համակարգի անկախությունը տեռորի ենթարկելու գործողություն է։

«Այս իշխանություններն ազդակ են տալիս դատական համակարգին՝ եթե շեղվում եք այն ուղղությունից, որն իրենց համար ցանկալի է, եթե շեղվում եք պատվեր ապահովելուց, ապա ոչ միայն պատժվելու եք, նաև ձեր նկատմամբ քրեական հետապնդում է  հարուցվելու, ձեզ նաև կալանավորելու են։ Այս պրոցեսը հենց դրա մասին է»,- ասաց  Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ բռնապետությունը ևս ունենում է սահմաններ, ամենաթողությունը ևս ունենում է սահմաններ։

«Սա այդ սահմաններից անցնելն է, սա արդեն բոլոր հնարավոր գծերը տրորելն է, Սահմանադրության, օրենքի, իրավունքի անտեսում չէ, այդ փաստաթղթերի ուղղակի դուրս շպրտում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։





Source link