Եվրոպան սկսում է թույլատրել COVID-19-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային դեղահաբը – Պանորամա

Եվրոպան սկսում է թույլատրել COVID-19-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային դեղահաբը – Պանորամա



Եվրոպական միության դեղամիջոցների կարգավորիչ գերատեսչությունը հինգշաբթի, հունվարի 27-ին թույլատրել է Pfizer-ի հակավիրուսային COVID-19 դեղահաբի կիրառումը՝ ծանր հիվանդության վտանգի ներքո գտնվող չափահասներին բուժելու համար: Եվրոպան նախապատրաստվում է Omicron տարբերակի դեմ պայքարելուն: Դրա մասին տեղեկացնում է  «Ամերիկայի ձայն» գործակալությունը:

Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից պայմանական հաստատումը, որի որոշումներին հետևում է Եվրոպական հանձնաժողովը, թույլ է տալիս ԵՄ անդամ երկրներին օգտագործել դեղամիջոցը:

Իտալիան, Գերմանիան և Բելգիան ԵՄ այն անդամ երկրներից են, որոնք գնել են դեղամիջոցը, որը կրում է Paxlovid անունը: Միացյալ Նահանգները դեկտեմբերին թույլատրել է Paxlovid-ը, ինչպես նաև Merck ընկերության նմանատիպ Molnupiravir անունը կրող դեղամիջոցը:

Այս դեղամիջոցները, հատկապես Pfizer-ինը, համարվում են խոստումնալից նոր տարբերակներ բուժման համար, որոնք հիվանդները կարող են ընդունել տանը՝ COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուն պես՝ օգնելով կանխել հոսպիտալացումները և մահերը:

Paxlovid-ը գրեթե 90%-ով արդյունավետ է եղել բարձր ռիսկով ծանր հիվանդների հոսպիտալացումները և մահերը կանխելու համար, ըստ ընկերության կլինիկական փորձարկման տվյալների: Վերջին լաբորատոր տվյալները ցույց են տալիս, որ դեղամիջոցը պահպանել է իր արդյունավետությունը նաև Omicron տարբերակի նկատմամբ:

 





Source link