«Եթե ձեր կարծիքով այստեղ ամեն ինչ նորմալ է, ապա էլ մարդու իրավունքների պաշտպանն ինչի՞ է պետք» – Պանորամա

«Եթե ձեր կարծիքով այստեղ ամեն ինչ նորմալ է, ապա էլ մարդու իրավունքների պաշտպանն ինչի՞ է պետք» – Պանորամա


«Դուք լրացուցիչ ճիգեր եք գործադրում պաշտպանելու այն քաղաքական իշխանությանը, որը ձեզ առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»,- խորհրդարանում ունեցած ելույթում դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հույս հայտնեց, որ հետագայում Գրիգորյանը կվերանայի քաղաքական չեզոքության խախտման այդ միտումը:

Պատգամավորը ՄԻՊ-ի պաշտոնում քաղաքական չեզոքությունն ավելի կարևոր համարեց, քան պրոֆեսիոնալիզմը:

Ավետիսյանը հիշեցրեց, որ իր հարցերով ՄԻՊ թեկնածուից խնդրել էր գնահատական տալ, թե արդյոք Սահմանադրության առաջին հոդվածի պահանջին համաձայն՝ Հայաստանն այսօր իրավական, սոցիալական պետություն է, ինչպես նաև գնահատել երկրի վերջին 3 տարիների իրավիճակը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ հարցերի պատասխանը թուլ կտար պատկերացնել ՄԻՊ թեկնածուի կողմից իրավիճակի ամբողջական գնահատականը, որը հետագայում նպաստելու էր մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:

Ավետիսյանը նկատեց, որ իր այդ հարցերին Քրիստիննե Գրիգորյանը բերել է միջազգային կազմակերպությունների գնահատականը՝ չներկայացնելով սեփականը:

Պատգամավորի խոսքով՝ կան Քրիստիննե Գրիգորյանից ոչ պակաս մասնագիտական կարողության փորձագետներ, որոնք արձանագրել են, որ վերջին 3 տարիներին հանրապետությունը հետընթաց է արձանագրվել սոցիալական և իրավական առումներով:

«Եթե ձեր կարծիքով այստեղ ամեն ինչ նորմալ է, ապա, պարզ ձևակերպմամբ, էլ մարդու իրավունքների պաշտպանն ինչի՞ է պետք»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ իրեն չի հաջողվել ՄԻՊ թեկանծուից ճշտել նաև սոցիալական իրավունքի սահմանադրական նորմերի պահպանման իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականները:

Նա շեշտեց, որ 2020 թվականից գները հանրապետությունում աճում են և տարբեր խոցելի սոցիալական խմբերի վիճակը վատթարանում է, իսկ իշխող ուժը մերժում է նրանց վիճակը բարելավող օրենքի նախագիծը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Սահմանադրության համապատասխան հոդվածով սահմանված է բազմազավակության դեպքում սոցիալական ապահովության իրավունքը և այդ նպատակով «Հայաստան» խմբակցությունն օրերս նախագիծ էր բերել ԱԺ-ը, սակայն իշխող խմբակցությունը մերժեց այն ընդգրկել օրակարգ, իսկ ՄԻՊ թեկնածուն էլ իշխանության այդ քայլը հիմնավորեց նրանով, որ դեռ չկա համապատասխան օրենքը:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ 3.5 տարի այդ մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը և աջակցություն չեն ստանում միայն այն պատճառով, որ դրա համար պետք է լինի օրենք, իսկ կառավարությունն էլ վերջինս չի բերում ԱԺ:





Source link