Դպրոցներում կորոնավիրուսը նոր թափ է հավաքում, իսկ կառավարությունն անգործություն է ցուցաբերում – Պանորամա

Դպրոցներում կորոնավիրուսը նոր թափ է հավաքում, իսկ կառավարությունն անգործություն է ցուցաբերում – Պանորամա




Ուսումնական հաստատություններում  կորոնավիրուսը տարածվում է կայծակնային արագությամբ։ Հեռավար ուսուցման անցնելու վերաբերյալ ուսումնական հաստատություններից ստացած դիմումները մեկ շաբաթվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են։


Երևանյան դպրոցների կեսից ավելին դիմել են հեռավար ուսուցման անցնելու համար։

Panorama.am-ին քաղաքապետարանից հայտնեցին, ուրբաթ օրվա տվյալներով, Երևանի 10 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման։ 68 դպրոցների 510 դասարաններ անցել են հեռավար ուսուցման։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 153 հանրակրթական դպրոց։

Համեմատության համար նշենք,  որ ուղիղ մեկ շաբաթ առաջ հեռավար ուսուցման ամբողջությամբ անցել էր 4 դպրոց, մասնակի հեռավար ուսուցման՝ 40 դպրոց։


Հանրապետության տարածքում հեռավար ուսուցման անցած դպրոցների թվի վերաբերյալ թարմ տվյալներ խոստացան տրամադրել ավելի ուշ։

Հայաստանում ընտանիքների մեծ մասն ապրում են տարեցների հետ։ Կրթական հաստատություններում արագորեն տարածվող կորոնավիրուսն աշակերտների միջոցով հասնում է ընտանիքներ՝ խոցելի դարձնելով տատիկ-պապիկներին, քրոնիկ հիվանդություններ ունեցող հարազատներին։ Քիչ չեն դեպքերը, երբ տանը մեկուսացած, հակահամաճարակային բոլոր կանոններին հետևող տարեցները կորոնավիրուսով են վարակվել իրենց թոռնիկներից՝ երբեմն չկարողանալով հաղթահարել հիվանդությունը։ Իրավիճակը լրջորեն վնասում է հանրային առողջությանը։  Փետրվարի 1-ից ի վեր Հայաստանում օրական միջին հաշվով կորոնավիրոսով 10 հիվանդ է մահանում։

Համավարակային այս իրավիճակում խիստ ուշագրավ է կառավարության անգործությունը. չկան սահմանափակումների խստացումներ, եղած սահմանափակումների մասով վերահսկողություն չի իրականացվում, համատարած հեռավար ուսուցման անցնելու որոշում չի կայացվում։

Հակառակը, կառավարությունը հունվարի 31-ին ընդունեց մի որոշում, որի հիմնավորման համաձայն, երկրում կայուն վիճակ է, թեստի դրական պատասխանի դեպքում պետք է մեկուսանալ 7-10 օր՝ պայմանավորված պատվաստված լինել-չլինելու հանգամանքով։

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում անցած շաբաթ  կորոնավիրուսով հիվանդ 11 ուսուցիչ կար։ Այսօր դպրոցի տնօրենը Panorama.am-ին հայտնեց, որ բոլոր ուսուցիչները, կառավարության որոշման համաձայն, վերադարձել են աշխատանքի, նրանց թվում բացականներ չկան։ Ըստ տնօրենի, ցածր է նաև աշակերտների բացակայության ցուցանիշը։

Ստացվում է, որ դեռ ամբողջությամբ չապաքինված ուսուցիչները որոշման ուժով դպրոց են գնում։ Քիչ չեն դեպքերը, երբ դասապրոցեսից հետ չմնալու, բացակա չստանալու համար ծնողները ջերմիջեցնող են տալիս երեխաներին ու դպրոց ուղարկում, արդյունքում վարակը նոր թափ է հավաքում։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին՝ դպրոցն է որոշում, թե ինչքան ժամանակով քանի դասարան կարող է հեռավար ուսուցման անցնել։

Հիվանդացության աճող թվերը գուցե նաև սրա արդյունքն են։ Փետրվարի 4-ին թեստավորված քաղաքացիների 47,3%-ի մոտ գրանցվել էր կորոնավիրուս, փետրվարի 5-ին՝ 45,52%-ի մոտ, փետրվարի 6-ին՝ 37.2%-ի մոտ, փետրվարի 7-ին՝ 33,9%-ի մոտ։

Փետրվարի 1-ից մինչ օրս, ըստ ԱՆ վիճակագրության, կորոնավիրուս է հաստատվել 22 162 մարդու մոտ, կորոնավիրուսով 69 հիվանդ  մահացել է։

Սրան էլ գումարած սուր շնչառական վարակների դեպքերը, որոնք, ըստ պաշտոնական վիճակագրությամբ, անցած տարվա դեկտեմբերին ավելացել են 2.2 անգամ։ Ոչ պաշտոնական վիճակագրությամբ այդ թիվն ավելի մեծ է, քանի որ շատերը բժշկի չեն դիմում։

Կա կարծիք, որ կառավարության նման մոտեցման նպատակներից մեկն էլ այն է, Հայաստանը հայտնվի համավարակի վտանգավոր գոտում ու գումար մուրա միջազգային կազմակերպություններից։





Source link