Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել – Պանորամա

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել – Պանորամա



 ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 10-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործը, սակայն, ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննության։ Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2016-2018թթ. ՀՀ մշակույթի նախարարն էր հայտնի սիրված հաղորդավար Արմեն Ամիրյանը, որը դեռևս երկու տարի առաջ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ քրեական գործի մասին իմացել է ԶԼՄ հրապարակումներից։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը և, ի վերջո, քրեական գործով Արմեն Ամիրյանին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ։ Արդյունքում պարզվել է, որ քննչական կոմիտեն բավարար ապացուցողական բազա չի ունեցել Արմեն Ամիրյանին կոռուպցիոն չարաշահումների մեջ մեղադրելու համար։

Գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ մշակույթի և գիտության նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում՝ 2020թ հոկտեմբերի 23-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Նկատենք, որ նախաքննական մարմինը որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի առաջ, ինչը ՀՔԾ-ն, որն այսօր կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե, գաղտնի է պահել հասարակությունից։ Այսինքն՝ հաղորդագրություն տարածել են մշակույթի նախկին նախարարին վերագրելով ինչ-ինչ կոռուպցիոն երեւույթներ՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, իսկ հետագայում հարկ չեն համարել նույն հասարակությանը տեղեկացնել, որ իրականում նախկին պաշտոնյան գումար չի հափշտակել, լիազորությունները չի անցել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ նշված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ «Արմեն Ամիրյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործեր չկան»,-հայտնել են դատախազությունից։





Source link