Արթուր Վանեցյան. Երբ երկիրն ունի անվտանգության լրջագույն խնդիր, մենք չենք կարող իշխանության հետ ծառատունկի մասին օրենք քննարկել – Պանորամա

Արթուր Վանեցյան. Երբ երկիրն ունի անվտանգության լրջագույն խնդիր, մենք չենք կարող իշխանության հետ ծառատունկի մասին օրենք քննարկել – Պանորամա



«Իմ կյանքում ես հավատարմություն եմ հայտնել  մի երկրի՝ Հայաստանի Հանրապետությանը»,-«Ազատություն» ռկ-ի կիրակնօրյա եթերում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Հրայր Թամրազյանի այն հարցին, թե կարծիք կա, որ Վանեցյանը,  խորհրդարանական պատվիրակության կազմում ԱՄՆ չմեկնելով, իր հավատարմություն է հայտնել Ռուսաստանին։

Վանեցյանն ընդգծեց՝ ԱՄՆ չմեկնելու պատճառների մասին հստակ խոսել է իր տարածած հայտարարության մեջ, որևէ երկրի հավատարմություն չի հայտնում, ծառայել է ու շարունակում է ծառայել  բացառապես Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։
Նա մեկ անգամ ևս նշեց, որ ԱՄՆ մեկնելուց առաջ իրեն տեղեկացրել են, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը ներկա են լինելու երեք ՔՊ-ականներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
«Դուք ասում եք համագործակցություն, բայց սա մի շատ պրիմիտիվ հարց է, որի դեպքում ասացին՝  մենք ենք իշխանությունը և մենք կորոշենք»,-ասաց նա։

Հ. Թամրազյանն Արթուր Վանեցյանին հարցրեց՝  գուցե խորհրդարանական ընդդիմությունը կարող է շտկել իրավիճակը, եթե ընդարձակի մեկ հարց ունեցող օրակարգը՝ ներառելով իր ընտրազանգվածի սոցիալական, տնտեսական վիճակի, առողջապահական ու այլ խնդիրների բարձրաձայնումը, ինչը ենթադրում է սոսկ ելույթներից անցում կատարել բովանդակային քննարկումներ, օրինաստեղծ աշխատանք, որը երբմեն պահանջում է փոխզիջում։

«8-րդ գումարման խորհրդարանը խայտառակ կապիտուլյացիայից հետո ձևավորված առաջին խորհրդարանն է, ընդհանուր ընդդիմադիր ուժերին 450 հազար մարդ ուղարկել է խորհրդարան մեկ օրակարգով՝ քշել այս իշխանություններին, որովհետև այս իշխանությունների յուրաքաչյուր ավել օր երկրի ղեկին մնալը բերում է մեր երկրի թուլացմանը, տարածքների կորստի, մահերի։ Ինչքան էլ կարևորենք ծառատունկի մասին օրենսդրական նախաձեռնությունները, չենք կարող մտնել բովանդակային քննարկման մեջ, թե ծառերը  որ հատվածում պետք է տնկել կամ չտնկել։ Մենք ունենք անվտանգության լրջագույն սպառնալիքներ։ Ես հունվարի 28-ին եղել եմ առաջնագծում, սահմանամերձ դարձած գյուղերում և տեսել եմ, թե ինչ խնդիրներ կան մեր գյուղերում, ինչ է անում թշնամին։ Այս ամենը թողնենք, ինչի՞ մասին խոսենք։ Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, ինչի հետևանքով ունենք մեծ ծավալների հասնող, աննախադեպ արտագաղթ։ Մենք չենք կարող այս իշխանությունների հետ, որոնք երկիրը բերեցին հասցրեցին ծայրահեղ վատ վիճակի, մտնենք բովանդակային քննարկումների մեջ ինչ-որ կեղծ օրակարգերի շուրջ»,-պատասխանեց Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե հարցը վերաբերի պետության շահերին, անվտանգությանը, ապա ընդդիմությունը հանդես է գալու իշխանության հետ մեկ ճակատով։

«Բայց ես չեմ կարող նստել ու քննարկել նրանց հետ ծառատունկի մասին օրինագծերը»,-ասաց Վանեցյանը։
 





Source link