Ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանին մեղադրանք է առաջադրվել – Պանորամա

Ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանին մեղադրանք է առաջադրվել – Պանորամա




ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ Վ. Մ.-ն հայտնել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու, ոտքերին կրակելու վերաբերյալ սպառնալիք հնչեցնելու և ոստիկանության բաժին տեղափոխելու մասին:


ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2021թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննության արագությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 15-ին գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում, որով, ի թիվս այլնի,հանձնարարվել է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համադրմամբ և գնահատմամբ քննարկելՀՀ ոստկանության համապատասխան ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 29-ին’ ժամը 04:40-ի սահմաններում, Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհահատվածի սկզբնամասում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել Վ. Կ.-ին: Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող իրի մասին հարցի վերաբերյալ ճշտող հարցը զայրացրել է բաժնի պետի տեղակալին, և իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար պատժելու նպատակով վերջինս երկու անգամ բռունցքով հարվածել է Վ. Կ.-ի գլխի ձախակողմյան շրջանին՝վերջինիս դիտավորյալ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

2022թ. փետրվարի 3-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ քննիչները՝ քրեական գործով հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Հետագա քննության ընթացքում գնահատականներ կտրվեն նաև դեպքին մասնակից մյուս պաշտոնատար անձանց գործողություններին:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Source link