Առաջին անգամ ուսումնասիրվելու է պեստիցիդների վնասակար ազդեցությունը վարելահողերի սննդային շղթայի վրա – Պանորամա

Առաջին անգամ ուսումնասիրվելու է պեստիցիդների վնասակար ազդեցությունը վարելահողերի սննդային շղթայի վրա – Պանորամա



ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի  կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:

Ծրագրի ղեկավար, նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը հայտնել է, որ գիտական խմբում ընդգրկված են Կենսաբանության ֆակուլտետի 1 ասպիրանտ, կենսաբանական գիտությունների 3 թեկնածու և կենսաբանական գիտությունների 1 դոկտոր:

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի լեռնատափաստանային էկոհամակարգերում սննդային շղթայի տարբեր մակարդակներում ուսումնասիրել և գնահատել պեստիցիդների ազդեցությունը սնկերի, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության, ԴՆԹ վնասվածության աստիճանի և մուտացիաների կուտակման վրա՝ համեմատելով վարելահողերն ու չշահագործվող լեռնատափաստանային տարածքները:

Հայաստանում նման ուսումնասիրություն անցկացվում է առաջին անգամ:

Կենսաբազմազանության կորուստը դժվար է հաշվարկել, քանի որ սննդային շղթաներն ունեն բավականին բարդ կառուցվածք, և առանձին տեսակներ տարբեր ձևով են կուտակում վնասակար նյութերը,-նշել է Նանագյուլյանը. «Այնուամենայնիվ, կարելի է ընտրել վայրի էկոհամակարգերի մոդելային խմբեր, որոնց վրա հնարավոր է ուսումնասիրել պեստիցիդների վնասակար ազդեցությունը և մուտացիաների կուտակումը կենսացուցիչ տեսակների մոտ»: Այս նախագծով
գնահատվելու է ազդեցությունը հողային սնկեր-բույսեր-փափկամարմիններ-մողեսներ սննդային շղթայի վրա:

Նրա խոսքով, Հայաստանի ընտրված մարզերի հողագործների հետ ստորագրվելու են
համագործակցության համաձայնագրեր վարելահողերի վրա գիտական աշխատանքներ
իրականացնելու համար: Այդ տարածքներում ընտրվելու են փորձարարական և
ստուգիչ (չշահագործվող) հողակտորներ. «Վերլուծությունները հնարավորություն
կտան գնահատել կենսաբազմազանության կորուստը՝ պայմանավորված օրգանիզմների
առողջության վրա պեստիցիդների բացասական ազդեցությամբ»:





Source link