Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը – Պանորամա

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը – Պանորամա



Փետրվարի 2-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հայ-ավստրիական հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են ապրել։ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորվում է նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության տեսանկյունից։  Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի  դրամաշնորհներ է տրամադրել  ՀՀ-ում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:

Հայ-ավստրիական երկկողմ հարուստ օրակարգը ներառում է փոխգործակցություն առևտրատնտեսական, կրթության ոլորտներում, համագործակցություն խորհրդարանական մակարդակում, աջակցության ծրագրերի, մասնագիտական կարողություների զարգացման ոլորտում, որոնց հիմքում առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:

2018թ. նոյեմբերի 28-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը:

2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը: 2021թ. Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Կլաուս Կապպերը:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում վերջին՝ յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 12-ին Վիեննայում: Հերթական նիստն անցկացվելու է 2022թ.  փետրվարի 3-ին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի շրջանակներում։

2013թ.-ից Հայաստանում գործում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) (գլխամասը` Թբիլիսի): Ավստրիական կողմը կարևորում է աջակցությունը Հայաստանում ընթացող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, համագործակցությունը գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ, մասնավորապես` վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտներում: Այդ համատեքստում Ավստրիայի զարգացման գործակալությունը ներդրել է Հայաստանի սահմանային մարզերին աջակցման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ավստրիայի հետ 2021թ. հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 23 մլն. ԱՄՆ դոլար։

Քաղաքական երկխոսություն

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա է խորհրդակցությունների ձևաչափ։ Հայ-ավստրիական վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել 2018թ. նոյեմբերին Երևանում:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայ-ավստրիական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ: Երկու երկրների օրենսդիր մարմիններում գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր։
ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ 2015թ. ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարություն։

2020թ․ նոյեմբերին Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել Արտաքին աղետների հիմնադրամից 44-օրյա պատերազմի հետևանքները մեղմելու համար 1 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի միջոցով։





Source link