Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը. Լիլիթ Գալստյան – Պանորամա

Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը. Լիլիթ Գալստյան – Պանորամա



ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի է ունենում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հանրային լսումներից հետո աշխատանքներ, քննարկումներ են տեղի ունեցել, բազմաթիվ փոփոխություններ են կատարվել նախագծում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ արդեն հանձնաժողովի 9 նիստ են անցկացրել, առնվազն 6 անգամ հնչեցրել է այսպես աշխատելու անթույլատրելիությունը։

«Այսօր կարևորագույն  նախագծի շուրջ է մեր քննարկումը, լրջագույն արմատական փոփոխություններ ենք անում և այս հապշտապությունը, որ աշխատում է հանձնաժողովը կամ որոշ անդամներ, անթույլատրելի է։ Խորապես շահագրգիռ մարդ եմ կրթության ոլորտով,  գիշերը ժամը 6-7-ին ստանում եմ ամփոփաթերթը, ոչ աշխատանքային օրը՝ շաբաթ,  ստանում եմ նաև վերջնական լրամշակված տարբերակը, աներևակայելի փոփոխություններ, ու ես պետք է գիշերային ռեժիմով խորանամ, հասկանամ՝ ինչ է  կատարվում այս օրենքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ սա պարզապես անլրջություն է, անթույլատրելի հանգամանք. «Խնդրում եմ  կառավարությանը,  նաև մեր հանձնաժողովին գիտակցել, բարձր պահել ԱԺ դերակատարությունն այն էլ պառլամենտական երկրում։ Սա դակող  մարմին չէ, նախագծերը պետք է ապրվեն, լրջորեն աշխատեն նախագծերի վրա։ Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը։

Հորորդում ու պահանջում եմ այլևս այսպես չաշխատել»։

Հիմնական զեկուցող` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ  էական փոփոխությունները վերաբերում են կառավարման հոդվածներին, էական խմբագրումներ, հստակեցումներ են արվել։


Մասնավորապես, ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի կողմից: Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձևով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հստակեցվել են պետական ուսումնական հաստատության խորհրդի գործառույթները, ներառվել են նոր գործառույթներ։

«Ստացել էինք բավական առաջարկներ, նաև պատգամավորական դիտարկումներ, որ մանկավարժի  որակավորման պահանջը տնօրենի մասով չի կարող դիտարկվել իբրև համաչափ, կարող է էապես նեղացել այն անձանց հնարավորությունը, ովքեր կարող են դիմել և մասնակցել գործընթացին, լինել լավ տնօրեն։ Վերանայել ենք մանկավարարժի որակավորման պահանջը և դրել ենք կրթության ոլորտի բարձրագույն կրթության պահանջ»,- ասաց Ժ. Անդրեասյանը։





Source link