Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել – Պանորամա

Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել – Պանորամա



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։

«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով հարազատների հետ կապ հաստատել»,- հայտնել է Ամատունին` մեկնաբանելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։

Գերիների հարազատները ԿԽՄԿ-ի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան։

Հարցին, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը, ԿԽՄԿ ներկայացուցիչը չի հստակեցրել։
«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրերի ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ, քանի որ նման հանդիպումների պարբեականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում է` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հնարավորություն տրվեց հերթական հանդիպման»,- ասել է Ամատունին։





Source link